«Մերժվածները» սերիալի քաղաքական մոտիվները
AnalysisՎերտառության մեջ առկա սերիալը երբեք չեմ նայել: Ավելին՝ չգիտեմ թե ինչի մասին է: Ենթադրում եմ, որ հայկական հերթական ախմախ գլուխգործոցն է, որը քարոզում է քրեական բարքեր ու անառողջ մարդկային հարաբերություններ: Սակայն բառը՝ մերժվածներ, շատ տիպական է Հայաստանի ներկայիս քաղաքական վիճակի համար:
Դեռ չէինք մարսել Բաքու-Թբլիսի-Կարս երկաթուղու հետևանքները, երբ մեր հարևաններն հանդես եկան նոր նախաձեռնությամբ: Ժամանակին, երբ այս իշխանություններին զգուշացնում էինք հնարավոր վտանգների մասին, նրանք քմծիծաղով էին վերաբերվում: Իրականում ակնհայտ էր, որ այդ երկաթուղին ստեղծվելու է և նոր աքցանի մեջ է առնելու առանց այն էլ շրջափակված Հայաստանը:
Սակայն սա աքցանի մի մասն է: Պարզվում է, սեղմող օղակը շարունակում է սեղմվել, այս անգամ, մեր ռազմավարական մերձավորագույն դաշանկցի և ոխերիմ բարեկամի՝ Ռուսաստանի ջանքերով: Ադրբեջան-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպման ժամանակ, կողմերը որոշե են նոր երկաթգիծ ստեղծել, որը բեռներ կհասցնի մինչև Հնդկաստան: Ադրբեջանին բնական է, մեղադրել չենք կարող: Իրանին՝ ևս: Մեկ անգամ չէ, որ այդ երկրի ղեկավարությունը, լուրջ ստրատեգիական ու տնտեսական առաջարկություններ է արել Հայաստանին: Սակայն մեր երկրի անմեղսունակ իշխանությունները, ոչնչի ընդունակ չլինելով, սպասել են, թե մեծ եղբայրն ի՞նչ կասի: Իսկ մեծ եղբայրը, բնական է որ մերժելու է: Նրան պետք է սովի ճիրաններում տառապող Հայաստան, որին հեշտ է կառավարել:
Շարունակեք Ձեր խիստ հայրենասիրական գրառումներում Իլհամ Ալիևին ոչխար անվանել: Նա անում է այն, ինչ անհրաժեշտ է իր երկրի համար: Ունի հակառակորդ և շարունակում է շրջափակել իր հակառակորդին: Իսկ մե՞նք: Մեր գործն ավելի հեշտ է: Անիմաստ ժպիտով, կշարունակենք շնորհակալություն հայտնել Վլադիմիր Վլադիմիրովիչին:
Մարիա Պախուցկայա