«Կայուն առաջընթացով»՝ դեպի դատարկ գրպաններ
AnalysisՀայաստանում մեկնարկել է հերթական՝ 2018 թվականի բյուջեի քննարկումների փուլը։ Ներկայացնողները մեղավոր չեն։ Նրանք պարտավոր են մաս կազմել այս միմոսությանը։ Մեղավոր չեն նաև հարց տվողները։ Նրանց մեծ հաշվով չի էլ հետաքրքրում այդ բյուջեն։ Եթե անգամ վերցնենք նրանց չոր աշխատավարձը, ապա 4-5 անգամ ավելին են ստանում, քան միջին աշխատավարձն է Հայաստանում։ Ի՞նչ բյուջե եք ներկայացնում, եթե Հայաստանի բնակչության 75 տոկոսն աղքատ է։
Իհարկե, այս ակնարկը կարդացողներից ոմանք, դեմքին լուրջ՝ դեմագոգիկ արտահայտություն կհաղորդեն ու կպնդեն, թե ես խեղաթյուրում եմ իրականությունը։ Հայաստանում աղքատ է բնակչության մեկ երրորդը։ Իրականում, միջազգային չափանիշներով, օրական եկամտի շեմով, այն է՝ հինգ դոլլար, Հայաստանում աղքատ է բնակչության 75 տոկոսը։ 15 տոկոսն այսպես ասած միջին խավն է, իսկ մնացած տաս տոկոսը՝ վայելքների շահառուն։
Հետաքրքիր է, թե ի՞նչ են քննարկում, եթե սոցիալապես ամենախոցելի խմբերի՝ ուսուցիչների, բուժ. աշխատողների, թոշակառուների և այլ խմբերի աշխատավարձերը և թոշակները չեն բարձրանալու։ Տողերիս հեղինակն անգամ մոռացել է, թե վերջին անգամ ե՞րբ է եղել աշխատավարձի բարձրացում։ Իսկ փոխարենը գնաճ կա՝ ինչքան ուզես։
Այս ամենից հետո, Արփինե Հովհաննիսյանը և Կարեն Կարապետյանը, դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում են, թե մեր երկիրը կայուն տեմպերով առաջընթաց է գրանցում։ Ընկերներ, նախընտրական փուլն ավարտվել է։ Հետ եկեք ստերի մառազմից դեպի իրականություն։ Ում պետք էր, արդեն գնել եք։
Կայուն առաջընթացի հեղինակ վարչապետին առաջարկում եմ, մեկ ամսով փոխվել եկամուտներով։ Չեմ խոսում բոլոր եկամուտների մասով։ Այլ խոսում եմ աշխատավարձերի մասին։ Միևնույնն է, վարչապետին այդ աշխատավարձը պետք չէ։ Նա է հայտարարել, որ իր մեկ տարվա աշխատավարձը զոհաբերում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Արդ առաջարկում եմ, որ նա ստանա իմ մեկ ամսվա աշխատավարձը, իսկ ես՝ նրա։ Բայց պայմանով։ Որևէ ծախս չի անելու բյուջեի հաշվին, այլ փորձելու է ապրել մեկ ուսուցչի աշխատավարձով։ Հետաքրքիր է, քանի՞ ժամ կտևի։ Ես իմ կողմից խոստանում եմ, նրա աշխատավարձից ավելացած գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Կարծում եմ, կառուցողական առաջարկ է։
Փոքրիկ Իշխան, սովորեցրու ինձ, հանրապետականների նման, անսասան դեմքով խաբելու արվեստը։
Վահրամ Թոքմաջյան