Թուրքիայից երբևէ այսքան գիտնական արտագաղթած չկար. Մեջլիսի պատգամավոր
International newsԹուրքիայից արտագաղթող գիտնականների թիվը ռեկորդային ցուցանիշների է հասել, այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Իզմիրից ընտրված պատգամավոր Էրթուղրուլ Քյուրքչյուն, գրում է «Էվրենսել» պարբերականը:
Պատգամավորը շեշտել է, որ անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրում սկիզբ առած զանգվածային կադրային զտումներն ու մտավորական դասի հանդեպ գործադրված ճնշումը պատճառ են դարձել, որպեսզի մեկ տարում Թուրքիան լքեն մեծ թվով գիտնականներ:
«Նացիստական Գերմանիայի ժամանակ այնտեղից գիտնականները գալիս էին Թուրքիա, այստեղ ապաստան գտնում, նրանք ինչ-որ տեղ դարձան մեր համալսարանների վերահիմնողները: Այսօր ճիշտ հակառակն է՝ Թուրքիայից Եվրոպա են գնում մարդիկ, որոնք չեն կարողանում իրենց տեղը գտնել այստեղի համալսարաններում, Թուրքիայից երբևէ այսքան գիտնական արտագաղթած չկար», - ասել է պատգամավորը:
Քյուրքչյուն փաստել է, որ երկրում սահմանված արտակարգ դրության պայմաններում աշխատանքից հեռացվել է 4.224 գիտնական, նրանցից 2.341-ը զրկվել են Թուրքիայի սահմաններում գործունեություն ծավալելու իրավունքից:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: