Ուսանողներն ի սկզբանե պարտված են
AnalysisՈւսանողները վերսկսեցին իրենց երթերը, ցույցերը և դասադուլները մի վիճահարույց օրենքի դեմ, որն ԱԺ է ներկայացրել Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ինչպես հայտնի է, այդ նախագծով, վերացվում է ընդհանրապես կրթական տարկետում հասկացությունը: Ասել է թե՝ բոլորն հավասար են օրենքի առաջ: Իհարկե, այս պատճառաբանությունը լսելիս նույնիսկ եփած հավը կծիծաղեր: Կարելի է բարձր կրկնել՝ Հայաստան, օրենք, սա դեռ քիչ է, մի հատ էլ՝ հավասարություն:
Սակայն հաջող վիճակում չեն նաև ուսանողները: Նախ նրանց հավաքները բազմամարդ չեն: Երկրորդ, չունեն իրենց ընկերների լայն զանգվածների աջակցությունը: Իհարկե, շատ լավ կլիներ, որպեսզի այս բողոքի ակցիաները, անկախ իրենց բովանդակային էությունից, լայնամասշտաբ ալիքի վերածվեին: Բայց մինչև վերջ հանրապետականացված բուհերից ավելին ակնկալելու կարիք չկա:
Մյուս կողմից, ուսանողները թույլ են տալիս ստրատեգիական սխալ, երբ հանդիպում են պահանջում Վիգեն Սարգսյանի կամ Լևոն Մկրտչյանի հետ: Նման հանդիպումները, ասել է թե՝ բանակցություններ սեղանի շուրջ, պայքարը տանում են փակուղի: Այս հարցում ուսանողներն այդքան էլ մեղավոր չեն: Նրանց պետք են լավ խորհրդատուներ: Բնական է, որ իշխանությունը հետ քայլ չի անի այս հարցում:
Սակայն առնվազն ծիծաղելի են իշխանության բերած փաստարկները: Մենք վերևում օգտագործեցինք երեք հասկացություն՝ Հայաստան, օրենք և հավասարություն: Այս երեք հասկացություններն ուղիղ հակադրության մեջ են միմյանց հետ: Հայաստանում օրենքները չեն գործում: Օրենքի առաջ հավասար չեն բոլորը, Հայաստանում հավասարություն չկա և չի էլ կարող լինել: Մկրտչյանն իրեն բնորոշ անիմաստ ժպիտով փորձում է համոզել, թե տեսակ Ապրիլյանին ինչ եղավ: Մենք պետք է պատրաստ լինենք հաջորդ ապրիլյաններին: Ի պատասխան պարոն Մկրտչյանի պնդենք, որ Ապրիլյան պատերազմ հասկացություն չկա: Կա Ապրիլյան ֆարս, որից տեղյակ էր այս իշխանությունը: Ավելին, բավական է Դամոկլյան սրի նման, պատերազմի վտանգը ճոճեք մեր գլխին: Պարոնա՛յք, դուք էիք պատասխանատու, որպեսզի ապրիլյան չլիներ, ավելին՝ դուք եք պատասխանատու այս վիճակին, գնացեք ու ձեր եփած շիլան կերեք, մեզնից ի՞նչ եք ուզում:
Ատոմ Ոսկանյան