Հայաստանի տնտեսությունն ապաշխարում է
AnalysisԵրբ երթևեկում ես Երևանում, հատկապես փողոցներում և պողոտաներում, որտեղ կան գովազդային վահանակներ, հասկանում ես Հայաստանի տնտեսության նստատեղային վիճակը: Ավելի շուտ, այդ տնտեսության Չգոյությունը: Աշխարհում ընդունված է, որ ամենաներկայանալի տեղերում, փակցվում են այդ երկրի հայտնի արտադրողների կամ -ծառայություն մատուցող ընկերությունների գովազդները: 21-րդ դարի աշխարհը, նախ և առաջ գովազդի միջավայր է: Տնտեսության ու միջոցների բազմազանությունը ստիպում են, որպեսզի յուրաքանչյուր մեթոդ օգտագործես՝ սպառողին հասնելու համար: Այդ մեթոդներից լավագույնը՝ գովազդն է:
Իսկ ի՞նչ ենք տեսնում մենք Երևանում կամ Հայաստանում ընդհանրապես: Լավագույն դեպքում համաշխարհային մեկ-երկու բրենդի ցուցանակ, որն ընդհանրապես կապ չունի Հայաստանի հետ: Ինչ-որ կորած մոլորված երգչի համերգի ցուցանակ, մոտավորապես այսպիսի գրությամբ՝ վերադարձ դեպի մեծ բեմ: Թե ո՞րն է այդ բեմը, կամ ո՞վ է նա, որ եղել է մեծ բեմում, իսկ փոքրիկ Հայաստանում չենք էլ ճանաչում, դժվար է ասել: Թերևս ընկերները որոշել են ծննդյան նվեր անել, մի քանի հոգով գումար են հավաքել, գովազդն էլ փակցրել վահանակներից մեկին:
Այն ինչը շատ կարելի է տեսնել և կարելի է տեսնել ամենուր, դա ՀԱՍԵ-ի գովազդն ու մեջբերումներ Աստվածաշնչից: Դրանք ամենուր են: Երթուղայիններում, ավտոբուսներում, մեծ վահանակների վրա, կարևոր ճանապարհների: Այսինքն ստացվում է, որ փող ունի միայն ՀԱՍԵ-ն և նրանք են կարողանում միայն գովազդ պատվիրել: Սա նշանակում է, որ մենք վերադարձել ենք միջնադար, երբ ֆեոդալներից ավելի շատ փող ուներ եկեղեցին ու մրցում էր պետության հետ: Իսկ դա շատ վտանգավոր է: Երկիրն ուժեղ է իր տնտեսությամբ, սակայն մեզանում այլ է: Մեզ երևի սկսել են համոզել, որպեսզի շատ աղոթենք, անսահման շատ, այդ դեպքում, երկինքը կգթա ու մանանա կթափվի, իսկ մենք էլ լավ կապրենք: Իսկ այդ նույն ժամին, հայոց տնտեսությունը մի մութ անկյունում ապաշխարում է:
Ռուբեն Գրիգորյան