Ստրասբուրգում արդեն 2-րդ անգամ վնասվել է սուրբծննդյան տոնածառը
SocietyՖրանսիայի Ստրասբուրգ քաղաքում արդեն երկրորդ անգամ «ճաքել» է սուրբծննդյան տոնածառը, հոկտեմբերի վերջին տեղադրված ծառը քաղաքի իշխանությունները ստիպված կլինեն փոխարինել նոր՝ արդեն երրորդ տոնածառով:
Ինչպես գրում է korrespondent.net կայքը, ճաքի առաջացման պատճառը դեռևս հայտնի չէ, ու թեև այն այդքան էլ մեծ չէ՝ մոտ 15 սմ, Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլան Ռիզը հայտնել է, որ անվտանգության նկատառումներով այն անպայման կփոխարինվի:
«Առայժմ հնարավոր չէ հստակ ասել, թե ինչն է եղել եղևնու վնասման պատճառը՝ ծավալի ավելացումը, թե քամու հանդեպ անբավարար դիմակայությունը, սակայն մենք ստիպված ենք ձեռնարկել համապատասխան միջոցներ»,- նշել է քաղաքապետը:
Հայտնի է, որ մոտ 30 մետր բարձրություն ունեցող եղևնու վրա ի սկզբանե քիչ են եղել ճյուղերը, ինչի պատճառով դրանք ավելացվել են արհեստական ճանապարհով: Հենց դրանից հետո էլ նկատվել է ծառի վրա առաջացած ճաքը:
Քաղաքի իշխանությունները հավելել են, որ նոր տոնածառի տեղադրումն ու զարդարումը, ինչն իրենց կարժենա շուրջ 50.000 եվրո, ավարտին կհասցվի մինչև նոյեմբերի 24-ը, երբ նախատեսված է քաղաքի տոնական լույսերի միացումը:
Նշենք, որ սուրբծննդյան տոներին Ստրասբուրգ է այցելում ավելի քան 2 մլն զբոսաշրջիկ. այստեղ բացվող սուրբծննդյան տոնավաճառը համարվում է լավագույններից մեկը Եվրոպայում: