Պրիմիտիվ սրիկայության վերջին հանգրվանը
AnalysisՎիգեն Սարգսյանի խնդրահարույց օրինագիծը շատ կրքեր է միախառնել իրար։ Ուսանողների մի խումբ շարունակում է դասադուլը, իսկ մեկ այլ խումբ, կուլիսների հետևում, փորձում է համակարգել այդ ամենը։ Այդպես եղել է միշտ։ Ցանկացած պարագայում, եթե ուզում ես ինչ-որ պայքարում հաղթել, նախ պետք է մաքրես քո շարքերը և վստահես կողքիդ կանգնածներին։ Համոզված եմ, որ այսօր պայքարող ուսանողությունն այդ վստահությունը չունի։
Մյուս կողմից, թվում էր թե, այս պայքարում պետք է առաջին հերթին շահագրգռված լինեն հենց դասախոսները, դեկանները և ռեկտորները։ Ակադեմիայի հանգուցյալ դառնալուց հետո, գիտության «բեռը» կրում է բուհական համակարգը։ Սակայն ի՞նչ կարելի է ակնկալել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանից։ Մարդ, ում ավելի շատ հետաքրքրում է ԵՊՀ զուգարաններում սպառվող թղթի ծավալը, քան՝ գիտությունը։ Ասածս մերկապարանոց չէ։ Բազմաթիվ անգամներ առիթ եղել են տեսնելու, թե գիտխորհրդի նիստերին, այս պարոնն ինչպես է մոռանում հավաքի բուն էությունը և անցում կատարում տնտեսական բնույթի մանր-մունր հանգամանքների։
Ինչպես և սպասվում էր, առաջին շահագրգռվածությունը ցուցաբերեցին բնագիտական և ճշգրիտ գիտությունների թեքումով ֆակուլտետները։ Համալսարանական գործընթացների վրա, միշտ էլ հիմնականում ազդել են ֆիզիկոսները և մաթեմատիկոսները։ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի գիտխորհրդի պահանջով հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 11։30-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորատի խորհրդակցություն՝ նվիրված տարկետման խնդրին: Ավելին, գիտխորհրդի նիստ հրավիրելու պահանջի տակ ստորագրել են չորս դեկաններ։
Բնական է, որ այս ամենը դուր չի գալու Սերժ Սարգսյանի հավերժ կամակատար Արամ Սիմոնյանին։ Բոլորս լավ ենք հիշում, թե նա ինչպես է նշանակվել, այլ ոչ թե ընտրվել ռեկտորի պաշտոնում։ Իսկ այս դեպքում, բնական է, որ լինելու է հավերժ երախտապարտ ու ոչնչի առաջ չի կանգնելու։ Իր օրինակով, նա ուսանողներից ընտրում է քսու, կամակատար, բանսարկու, արժեքներ չունեցող և բոլորի կողմից մերժված անձանց, որոնց և դարձնում է իր կեղտոտ գործերի գործիքները։ Ու ահա, ըստ մեզ հասած տեղեկությունների, հենց սրանց միջոցով է փորձելու ազդել այն պրոցեսների վրա, որոնք հնարավոր է զարգանան, եթե ուսանողներին միանան նաև դասախոսները և դեկանները։
Բարի խորհուրդ Սիմոնյան Արամի գործիքներին։ Օրերից մի օր, ստիպված եք նայել հայելու մեջ և վերարժևորելու անցյալը, եթե իհարկե, այդ գիտակցումն ունենաք։ Մի՛ դարձեք Ալ Պաչինոյի նկարագրած «ստուկաչը»։
Հարություն Մխիթարյան