Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսվում է մինչև տարեվերջ. ՌԴ ԱԳՆ
International newsԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են մինչև տարեվերջ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Այդ մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում:
«Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ժնևում հոկտեմբերի 16-ին կայացած գագաթնաժողովի արդյունքները՝ համանախագահները պատրաստվում են կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը մինչև տարեվերջ: Իսկ մինչ այդ հանդիպումը, համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ առանձին-առանձին: Այժմ ռուս համանախագահն ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ աշխատանք է տանում այդ խորհրդակցությունների վայրի և ամսաթվի որոշման ուղղությամբ»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը հայտնել էր, որ նոյեմբերի 16-ին նա համանախագահների հետ կհանդիպի Մոսկվայում:
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը չէր հերքել, որ Արցախի հակամարտության կարգավորման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում նախատեսված է: Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ դեռևս հայտնի չէ, թե հանդիպումը երբ կլինի: