Մկրտչյանի ինքնախոստովանությունը
AnalysisԿայացավ այն բաղձալի հանդիպումը, որի մասին այդքան երազում էին ուսանողները: Զինվորական ծառայության և զինծառայության կարգավիճակի մասին օրինագծի չեղարկման համար դասադուլ հայտարարած ուսանողներից մի քանիսի հետ այսօր հանդիպեց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա վերահաստատեց նախկինում արտահայտած իր դիրքորոշումը պնդելով. «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի հայրենիքի ծառայության ուղղությամբ արտոնություն չի ունենալու»:
Անկեղծ ասած, ես չգիտեմ թե ուսանողների ինչու՞ էին այդպես մոլեռանդությամբ հանդիպում պահանջում ԿԳ նախարարի հետ: Ի վերջո, եթե անգամ բացարձակ չես տիրապետում Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացներին, մեկ բան պարզից էլ պարզ է՝ Մկրտչյանը հարց լուծող չէ: Իշխանական տարբեր փոխակերպումներում նա ընդամենը ֆիգուր է: Արժանապատվություն ունեցող մարդը, չորս անգամ չի ձախողի նույն պաշտոնը, իսկ հետո, ցինիկ դեմքով արտաբերի մտքեր, որոնց իսկությանն անգամ ինքը չի հավատում:
Հասկանալի է, որ այս հանդիպումը ոչինչ չէր տալու, Մկրտչյանն էական ոչինչ չէր ասելու ու պնդելու էր այն, ինչն իրեն վաղուց ասել են: Սակայն պարզվում է, եղավ մեկ ուշագրավ բացահայտում: Ավելի շուտ ոչ թե բացահայտում, այլ իրականության արտացոլում: Մկրտչյանն անմեղ դեմքով պնդեց, թե այս լսարանի չափ կարող ենք երեք լսարան լցնել գիտությունների թեկնածուներով, սակայն նրանց մեծ մասը կապ չունի գիտության հետ: Դա մենք գիտենք պարոն Մկրտչյան: Օրինակ Տարոն Մարգարյանը: Գիտե՞ք ինչ լուրջ գիտական աշխատանքներով է զբաղված, ինչպիսի մենագրություններ է հրապարակում, ինչպիսի բացահայտումներ է արել: Չմոռանանք, նա ևս, ինչպես շատերը ձեր կոլեգաներից, գիտությունների թեկնածուներ, բայց իհարկե գիտենք, որ ոչ միայն նրանք, այլ նաև ձեր պաշտոնակիցների բազմաթիվ երեխաներ, պաշտպանել են, գիտության հետ կապ չունենալով: Նրանց միակ կապը գիտության հետ, եղել է իրենց պապաների ունեցած կապերը: Դա մենք տեսել ենք ու հասկացել ենք: Հիմա դուք ի՞նչ եք արդարանում: Մեր հաշվին ապրում եք, վերահսկեիք: Մեր հաշվին աշխատավարձ եք ստացել ու պարզվում է, ձեր իսկ խոսքերից, զբաղվում եք ձրիակերությամբ և կոռուպցիան հովանավորել: Միգուցե ես իմ աշխատանքը թողնեմ գամ զբաղվեմ ձեր գործո՞վ: Իսկ դուք ի՞նչ անեք:
Մարիա Պախուցկայան