Հնարավոր է՝ Չինաստանն ու ԱՄՆ-ն Թրամփի այցի ընթացքում 280 մլրդ դոլարի համաձայնագրեր ստորագրեն
International newsԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Պեկին այցի ընթացքում Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ստորագրված առեւտրային համաձայնագրերի գումարը կարող է հասնել 280 մլրդ դոլարի, հայտնում է South China Morning Post պարբերականը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթղթերին ծանոթ աղբյուրներին:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Թրամփի այցի շրջանակում ամերիկյան եւ չինական ընկերություններն արդեն 9 մլրդ դոլար ընդհանուր արժեքով մի շարք համաձայնագրեր են ստորագրել սակայն պարբերականը նշում է, որ սա իսկապես խոշոր համաձայնագրերի ստորագրման միայն նախաբանն էր:
Եթե պարբերականի աղբյուրների տեղեկությունները հաստատվեն, ապա Թրամփի այցը Չինաստան ամերիկյան եւ չինական բիզնեսի համար կդառնա ամենաարդյունավետ պաշտոնական այցերից մեկը:
Նշվում է, որ ամենախոշոր համաձայնագրերից մեկը կարող է դառնալ չինական խոշոր պետական կորպորացիա China Petroleum and Chemical Corp.-ի եւ Ալյասկայում բնական գազի հանքավայրերի հետազոտության ամերիկյան կողմի միջեւ գործարքը: Ըստ որում՝ չինական նեդրումային հիմնադրամ China Investment Corp.-ը կարող է այս նախագծին ֆինանսական աջակցություն ցույց տալ: Հնարավոր է՝ որպես ներդրող հանդես գա նաեւ Չինաստանի պետական բանկը՝ Bank of China-ն:
Էներգետիկայի ոլորտում եւս մեկ համաձայնագիր կարող է լինել China National Petroleum Corp.-ի եւ Cheniere Energy-ի միջեւ հեղուկ բնական գազի «մատակարարման երկարաժամկետ պայմանագիրը»:
Աղբյուրները միաժամանակ հայտնել են, որ բջջային հեռախոսների չինական խոշոր արտադրողները եւ հավաքող Xiaomi-ն ու Vivo-ն ամերիկյան Qualcomm ընկերության արտադրանքը գնելու համաձայնագիր կստորագրեն, որը բջջային սարքերի համար չիփեր է արտադրում:
Դրանից զատ, նշվում է հինգշաբթի ստորագրման պատրաստվող Boeing օդանավեր գնելու եւ Չինաստան Tesla ավտոմեքենաներ ներմուծելու գործարքների մասին: