Ճապոնական ավանդական երաժշտությունը հնչեց հայկական բեմից
CultureOffice K2 «Ճապոնական երաժշտական նախագիծ»-ը նոյեմբերի 9-ին համերգային ծրագրով հանդես եկավ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Համերգը նվիրված էր Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
«Ինձ համար մեծ հաճույք է այսօր Հայաստանում ներկայացնել ճապոնական երաժշտությունը: Այն ոչ միայն ավանդական է, այլև ժամանակակից, ակտիվ:
2011 թվականին Ճապոնիայում ավերիչ երկրաշարժ տեղի ունեցավ: Այդ դեպքից հետո մեր երկիր այցելեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս համերգը յուրատեսակ շնորհալական միջոցառում է ճապոնացի ժողովրդից հայ ժողովրդին»,- նշեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին:
Ելույթներ ունեցան Տոկի Տատարային (շինոբուե՝ ճապոնական հնդկեղեգի ֆլեյտա), Յաս-Կազին (հարվածային գործիքներ), Կիմիհիրո Կիտամուրային (շակուհաչի՝ հնդկեղեգի երաժշտական գործիքներ), Շիբատա քույրեր և եղբայր (ցուգարու շամիսեն) և հայ երաժիշտ Հայկ Կարապետյանը:
Նրանք հնչեցրին ճապոնական ավանդական երաժշտություն և հանդիսատեսին զարմացրին՝ յուրահատուկ մեկնաբանությամբ կատարելով «Ծիծեռնակ» և «Գայանե» բալետից «Սուսերով պարը» ստեղծագործությունները:
Երաժշտասերները բուռն ծափահարություններով էին արձագանքում բոլոր ելույթներին:
Ներկա էին հյուրեր Ճապոնիայից, ՀՀ բարձրաստիճան անձիք, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումը կազմակերպել էր ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունն ի դեմս ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի, Հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը: Աջակցել էր ՀՀ մշակույթի նախարարությունը: