ԵՄ-ն շարունակում է Հայաստանի ֆինանսական աջակցությունը
BlogՆարեկ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանի համար շարունակում կարևոր մնալ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը:
ԵՄ-ն նույնպես շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների պահպանմամբ և զարգացմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները լարված են:
Նույնիսկ այն պարագայում, երբ ԵՄ-ն իր հիմնական աջակցության ծրագրերը և ֆինանսական հոսքերը ուղղում է դեպի Ուկրաինա, Բրյուսելը, չնայած համեստ միջոցներով, սակայն շարունակում է Հայաստանի համար նախատեսված ֆինանսական աջակցությունը:
Այսպես, առաջիկա երեք տարիների ընթացքում Եվրամիությունը Հայաստանին անհատույց 140-170 միլիոն եվրո կտրամադրի` արդարադատությունը, մասնավոր հատվածն ու հանրային կառավարումը բարեփոխելու համար: Այդ մասին փաստաթուղթը երկուշաբթի Բրյուսելում ստորագրել են Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով նոր հանձնակատար Յոհանես Հանն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը հանդիպելով հայաստանյան պատվիրակությանը` Հանն ընդգծել է, որ ԵՄ-ն հաստատակամ է «աջակցել Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին և կշարունակի քաջալերել անհրաժեշտ բարեփոխումները»:
Այս համաձայնություններից բացի, ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի էկոնոմիկայի նախարարը նաև փաստաթուղթ են ստորագրել, որով Բրյուսելը հավելյալ 25 միլիոն եվրո կտրամադրի` Հայաստանում գյուղատնտեսության ոլորտը զարգացնելու համար:
Նշված աջակցությունը կնպաստի Հայաստանում բարեփոխումների իրականացմանն ու կոնկրետ ոլորտների առաջընթացին: Միևնույն ժամանակ Հայաստան-ԵՄ հարաբերություններում անհրաժեշտ է նոր փոխգործակցության ֆորմատի ձևավորում: