Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Ստարա Զագորայի մարզպետի հետ
EconomicsԲուլղարիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այց կատարեց Բուլղարիայի Ստարա Զագորայի մարզ, որտեղ հանդիպում ունեցավ մարզպետ Գերգանա Միկովայի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով ՀՀ դեսպանին՝ մարզպետը նշեց, որ մեծապես կարևորում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական կապերը:
Դեսպան Սարգսյանն իր երախտագիտությունը հայտնեց բուլղար ժողովրդին, ով դար առաջ հանգրվան տվեց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Դեսպանը նաև ընդգծեց մարզային իշխանությունների ցուցաբերած մեծ օգնությունը և օժանդակությունը հայ մշակույթն ու ավանդույթները պահպանելու գործում:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա սոցիալ-տնտեսական ոլորտի և ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի: Այս համատեքստում քննարկվեց Ստարա Զագորայի մարզի և Հայաստանի մարզերից մեկի միջև բարեկամական կապեր հաստատելու հնարավորությունը: Կարևորվեց, մասնավորապես, մարզերի միջև մշակութային և կրթական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Մարզպետ Միկովան երախտագիտությամբ ընդունեց ներկայացված առաջարկությունը և պատրաստակամություն հայտնեց ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:
Նույն օրը երեկոյան դեսպան Սարգսյանը մասնակցեց «Էթնիկ Բուլղարիա» կազմակերպության կողմից նախաձեռնած` Բուլղարիայում բնակվող ազգային փոքրամասնությունների ինքնագործ խմբերի «Տարբեր` բայց միասին» կարգախոսը կրող ավանդական փառատոնին, որտեղ հանդես եկան նաև Պլովդիվից ժամանած երգի և պարի հայկական համույթները: