Թուրքիայի վարչապետի ընտանիքը դատական հայց է ներկայացրել «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ
International newsԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընտանիքը դատական հայց է ներկայացրել թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ, որը հոդվածներ էր հրապարակել Paradise Papers-ի սկանդալային օֆշորային բացահայտումների ու դրանցում վարչապետի ընտանիքի անդամների ներգրավվածության վերաբերյալ: «Ջումհուրիեթ»-ից պահանջվել է Յըլդըրըմների ընտանիքին վճարել 500 հազար թուրքական լիրա (շուրջ 129 հազար ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Յըլդըրըմի փաստաբանը Ստամբուլի դատարան է ներկայացրել դիմումը, որում պարբերականին մեղադրել է «հասարակության մեջ կեղծ և կողմնակալ ալիքներ առաջացնելու նպատակով լուրեր տարածելու» մեջ:
Մեղադրականում պահանջվում է, որ «Ջումհուրիեթ»-ը Բինալի Յըլդըրըմին վճարի 250 հազար, իսկ որդիներին՝ 125 հազարական թուրքական լիրա:
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի որդիները՝ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները, հայտնվել ենParadise Papers-ի օֆշորային սկանդալում:
Կոնսորցիումի հրապարակած նյութերում նշվում է, որ եղբայրները Մալթայում գրանցված երկու ընկերությունների միակ սեփականատերերն են: Առաջինը՝ Hawke Bay Marine Co. Ltd-ն, ստեղծվել է 2004 թվականի ապրիլին: Ընկերությունն ունի կամ ղեկավարում է բեռնափոխադրող նավերով: Երկրորդ ընկերությունը՝ Black Eagle Marine Co. Ltd-ը, գրանցվել է 2007 թվականին: Գրանցված փաստաթղթերը ցույց են տալիս, որ Էրքամը, ով ընկերությունների բաժնետոմսերի մեծ մասի սեփականատերն է, նաև այդ երկու ընկերությունների տնօրենն է: Երկու ընկերություններն էլ 2017 թվականի հոկտեմբերի դրությամբ Մալթայի ընկերությունների ռեգիստրում գրանցված են որպես ակտիվ գործող ընկերություններ:
Կոնսորցիումից հայտնել են, որ Էրքամ և Բյուլենթ Յըլդըրըմները հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ հրապարակված նյութերի վերաբերյալ: