2040թ. Ղրղըզստանը պետք է դառնա տարածաշրջանի լավագույն երկիրը. Աթամբաև
International news2040 թվականին Ղրղըզստանը պետք է դառնա տարածաշրջանում ամենաանվտանգ և բնակության համար ամենահարմար երկիրը: Այդ մասին հայտարարել է Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, հաղորդում է eadaily.com-ը՝ վկայակոչելով նախագահի մամուլի ծառայությանը:
Ղրղըզստանի նախագահն ընդունել է երկրի կայուն զարգացման հարցերով ազգային խորհրդի քարտուղար, նախագահի գրասենյակի ֆինանսատնտեսական վերլուծության բաժնի ղեկավար Նուրսուլա Ախմետովային:
Վերջինս հայտնել է, որ նախագահը տեղեկացվել է Կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, որի ժամանակ ներկայացվելու է 2018-2040 թվականներին երկրի կայուն զարգացման ռազմավարական նախագիծը:
«Վերջին տարիների դրական ձեռքբերումները Ղրղըզստանի առաջ տնտեսության զարգացման հավակնոտ նպատակներ են դնում, որոնց իրականացումը հնարավոր կդառնա թվային տեխնոլոգիաների ներդրման, ռազմավարական պլանավորմանը ծրագրային մոտեցման, ինչպես նաև ոլորտներում, որտեղ երկիրը համեմատական առավելություններ ունի, երկրի տնտեսության մասնագիտացման շնորհիվ: Ղրղըզստանը 2040 թվականին պետք է դառնա տարածաշրջանի ամենաանվտանգ և բնակության համար հարմար երկիրը»,- ասել է Ալմազբեկ Աթամբաևը: