Պուտինը հայտարարել է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների վերականգնման մասին
International newsՄոսկվայի և Անկարայի հարաբերությունները կարելի է գործնականորեն վերականգնված համարել: Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Սոչիում անցկացված հանդիպման ժամանակ:
Պուտինի խոսքով՝ Թուրքիայի հետ աշխատանքներ են տարվում համարյա բոլոր ուղղություններով, այդ թվում՝ սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում: Նա նաև առանձնացրել է ապրանքաշրջանառության աճը ավելի քան մեկ երրորդով՝ 2016 թվականի անկումից հետո:
Ինչպես նշում է РИА Новости-ն, Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Էրդողանին այցի համար:
«Իսկապես, մենք մոտ ենք իրար, ինչպես ասել եք՝ ընդամենը մեկ ժամ թռիչքի հեռավորության վրա», - ասել է նա:
Էրդողանն իր հերթին ուշադրություն է հրավիրել երկկողմ համագործակցությանը տարածաշրջանային հարցերի լուծման գործում:
«Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները քաղաքական, ռազմական և առևտրային ոլորտներում օրեցօր ավելի են զարգանում: Բարձր մակարդակի կոնտակտներն ավելի ու ավելի հաճախ են իրականացվում: Համոզված եմ, որ այս հանդիպումն արդյունավետ կլինի», - ասել է Էրդողանը:
Նշենք, որ Պուտինը ժամանել է Սոչի մեկ օրով՝ Էրդողանի հետ բանակցություններ վարելու համար: