Իրաքյան Քրդստանը հայտարարել է, որ կհարգի անկախացումն արգելող դատարանի որոշումը
International newsԻրաքյան Քրդստանի իշխանությունները երեքշաբթի հայտարարել են, որ կընդունեն դատարանի որոշումը, որով շրջանին արգելվում է անջատվել՝ նոր փուլ ազդարարելով դադարեցված բանակցությունները վերսկսելու ջանքերում, հաղորդում է Reuters գործակալությունը:
Իրաքյան Քրդստանի շրջանային կառավարությունը հայտարարել է, որ կհարգի նոյեմբերի 6-ին Գերագույն դաշնային դատարանի ընդունած որոշումը, որով հայտարարվել է, որ ոչ մի իրաքյան շրջան չի կարող անջատվել:
«Մենք վստահ ենք, որ այս որոշումը պետք է հիմք դառնա Էրբիլի և Բաղդադի միջև ազգային երկխոսություն սկսելու համար՝ բոլոր վեճերը կարգավորելու նպատակով»,- ասված է շրջանային կառավարության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Իրաքի հյուսիսում գտնվող Իրաքյան Քրդստան ինքնավարությունը սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե է անցկացրել, որի ժամանակ անկախության օգտին է քվեարկել 92.7 տոկոսը (2,86 մլն մարդ):
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգա»-ն զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից: