Հայաստանի մշակութային օրերը Ռուսաստանում ամենամեծն ու բազմաժանրն են վերջին 25 տարիներին. նախարար Ամիրյան
CultureՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Ռուսաստանում անցկացվող Հայաստանի մշակութային օրերն` իրենց ձևաչափով, մեծությամբ ու բազմաժանրությամբ, համարում է անկախության տարիներին ամենամասշտաբայինը:
Նախարարը նշեց, որ 250 պրոֆեսիոնալ արտիստ է ներգրավված այդ աշխատանքներում: «Մշակույթը տարբեր ազգերի փոխհարաբերությունների հենց այն միջազգային լեզուն է, որն ամենաուղիղ, ամենաշիտակ և ամենակարճ ճանապարհն է դեպի սրտեր ու հոգիներ: Ես համոզված եմ, որ այս մշակութային օրերից հետո ոչ միայն մշակութային հարաբերությունները կլավանան, այլ ընդհանրապես երկու ժողովուրդների բարեկամությունը կարող է նոր շունչ ու թափ ստանալ»,-ասաց Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ երկկողմ բարեկամությունը չի սահմանափակվում դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակով, որին և նվիրում է այս միջոցառումը, այլ այն հարյուրամյակների խորքից է գալիս:
«Մեկ անգամ չէ, որ մեր երկու քրիստոնեական մշակույթների բախումից ծնել են այնպիսի երևույթներ, ովքեր համաշխարհային մշակույթին տվել են պարզապես գլուխգործոցներ: Օրինակ, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան և այլն, կարող ենք տասնյակներով թվարկել: Ուրախալի է, որ հենց այսօր Տրետյակովյան պատկերասրահում այդպիսի մի երևույթի` Մարտիրոս Սարյանի աշխատանքների ցուցադրությունն ենք բացելու»,-նշեց մշակույթի նախարարը:
Նա կարևորեց հանգամանքը, որ նոյեմբերի 15-ի երեկոյան բացվող ցուցադրությանը մեծամասամբ ներկայացված են լինելու Մարտիրոս Սարյանի երիտասարդ տարիների աշխատանքները, որոնք պատկերասրահը ժամանակին գնել է նկարչից: «Ի դեպ շատ հետաքրքիր փաստ, երբ մենք քննարկում էինք, թե քանի նկար պետք է բերել Հայաստանից, պարզվեց, որ պահանջվում է շատ քիչ նկար բերել: Քանի որ ժամանակին, երբ Մարտիրոս Սարյանը սովորելիս է եղել Մոսկվայում, Սերովին աշակերտելիս, մասնակցել է տարբեր երիտասարդական ցուցահանդեսների, և նրա աշխատանքներին ամենամեծ գնահատականը եղել է այն, որ Տրետյակովյան պատկերասրահը երիտասարդ նկարչից գնել է շատ աշխատանքներ: Այսօր երեկոյան բացվող ցուցադրության նմուշների հիմնական մասը Տրետկակովյան պատկերասրահի սեփականությունը հանդիսացող գործերն են»,-տեղեկացրեց նախարարը:
Անդրադառնալով մշակութային օրերի շրջանակում նախատեսված այլ միջոցառումներին` Արմեն Ամիրյանը նշեց, որ Ռուսաստանի հարավի քաղաքներում պարային տոն է լինելու. Պարի պետական անսամբլն է շրջագայություններով այնտեղ: «Սիբիրյան քաղաքներում հյուրախաղերով հանդես է գալիս Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը: Կենտրոնական Ռուսաստանում Մնջախաղի պետական թատրոնի հյուրախաղերն են, Մոսկվայում Մարտիրոս Սարյանի, Արա Հարությունյանի աշխատանքների ցուցահանդեսն է ներկայացված»,-ասաց Արմեն Ամիրյանը: Նա նշեց, որ դասական երաժշտության և էթնոջազի սիրահարները հնարավորություն կունենան մասնակցելու համերգների` համապատասխանաբար նոյեմբերի 18-ին և 22-ին: Այնուհետև մշակութային օրերը կշարունակվեն Սանկտ Պետերբուրգում: Նոյեմբերի 22-ին Էրմիտաժում «Հովեր» երգչախումբը հայկական հոգևոր երաժշտություն կներկայացնի: «Նոյեմբերի 23-ին «Հովեր»-ի ու «Էթնոջազ» նվագախմբի միաձույլ աշխատանքով կազդարարվի մշակութային օրերի ավարտը»,-ասաց նախարար Ամիրյանը: