Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն հանդես կգա արտակարգ հայտարարությամբ
International newsՎրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, որը հանրապետության պաշտոնաթող արված պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի թիմի անդամ է, նոյեմբերի 5-ին հանդես կգա արտակարգ հայտարարությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Նովոստի Գրուզիա»-ին հայտնել է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայության աշխատակցուհին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նոյեմբերի 4-ին որոշել է պաշտոնաթող անել երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, հայտարարելով, որ թույլ չի տա գերատեսչության քաղաքականացում: Այդ որոշմանը նախորդել էր Ալասանիայի հայտարարությունն այն մասին, որ պաշտպանության նախարարության դեմ միտումնավոր գրոհ է կատարվում: Նա այդպես է մեկնաբանել գերատեսչության պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերը:
«Մայա Փանջիկիձեն արտակարգ հայտարարություն կանի նախարարությունում»,- ասել է գործակալության զրուցակիցը: Բացառված չէ, որ Փանջիկիձեն որոշել է լքել Վրաստանի կառավարությունը:
Մեկնաբանելով երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն չի բացառել, որ պաշտոնաթող կլինեն Իրակլի Ալասանիայի թիմակից բոլոր նախարարները: «Մեր Վրաստանը-Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսի Պետրիաշվիլին նախօրյակին արդեն հայտարարել է, որ թողնում է եվրոպական ու եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոնը: