Կոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20 և կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի 70-ամյա հոբելյանները նշվեցին մեծ շուքով
CultureԿոնսերվատորիայի Էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի նախկին և ներկա ուսանողները, դասախոսները տպավորիչ երաժշտական կատարումներով շնորհավորեցին իրենց հարազատ ամբիոնի 20, կոմպոզիտոր, դիրիժոր, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանի 70, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի 50-ամյակները: Միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
«1997 թվականին կոնսերվատորիայի ռեկտոր Արմեն Սմբատյանն ինձ կանչեց և ասաց, որ պատրաստվում է էստրադային-ջազային երաժշտության ամբիոն բացել: Նրա, Մարտին Վարդազարյանի հետ կարողացանք ստեղծել մի ամբիոն, որը ներկայումս ամենահամերաշխն է կոնսերվատորիայում:
Մեծ ձեռքբերում եմ համարում այն, որ մենք հրաշալի կադրեր ենք տալիս, և մեր երգիչ-երգչուհիները, երաժիշտները մրցունակ են ամբողջ աշխարհում»,- նշեց Երվանդ Երզնկյանը: Նա հավելեց՝ ամեն տարի այդ ամբիոն է ընդունվում 15-16 ուսանող, և այն ապրում է բուռն ստեղծագործական կյանքով:
«Ես չէի պատկերացնում, որ ակադեմիական երաժշտության կողքին էստրադային-ջազային ամբիոնը կարող է այսքան հաջող գործել: Այն հրաշալի կադրեր է պատրաստել, իսկ այս համերգային ծրագիրը յուրատեսակ հաշվետվություն է»,-ասաց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Համերգային ծրագիրն իրականություն դարձավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն ասաց, որ միջոցառումը լրացնում է երիտասարդական մյուս տոների շարքը: «Նոյեմբերի 10-ին երիտասարդության համաշխարհային տոնն էր, նոյեմբերի 17-ին ուսանողների միջազգային տոնը: Մենք հինգ տարի անընդմեջ բազմաբնույթ միջոցառումներ ենք իրականացնում:
Երվանդ Երզնկյանի 70, կոնսերվատորիայի էստրադային-ջազային երաժշտության ամբիոնի 20, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի 50-ամյակներին նվիրված համերգային ծրագրով ուսանողներին հնարավորություն ենք տալիս շնորհավորել հոբելյաններին՝ կատարելով հայտնի և գեղեցիկ ստեղծագործություններ»,-
Միջոցառմանը ներկա էին Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Նաիրա Մանուչարյանը, Էմմա Ասատրյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Սոնա Շահգելդյանը, Քրիստինե Պեպելյանը և այլք: Նրանք ամբիոնի նախկին և ներկա սաներ են: Համերգին հանդես եկան նաև դասախոսները: