Դիարբեքիրի 12 գյուղերում քուրդ գրոհայինների դեմ գործողությունների պատճառով փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել
International newsԹուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվան շրջանում քուրդ զինյալների դեմ ձեռնարկվող ռազմական գործողությունների պատճառով տեղի նահանգապետարանը պարետային ժամ է սահմանել 12 գյուղերում, այս մասին տեղեկանում ենք թուրքական gazeteduvar.com.tr կայքից:
Փողոց դուրս գալու արգելքը հայտարարվել է անժամկետ՝ մինչև նահանգապետարանի կողմից երկրորդ պաշտոնական հայտարարության տարածումը:
Թուրքական ԶՈւ-ն այստեղ «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների դեմ ռազմական գործողությունները սկսել է այսօր վաղ առավոտյան:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Խմբավորումը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը:
Նշենք, որ թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը: