ԱՄՆ-ի ներկայացուցիչը կոչ է արել Իրաքի վարչապետին Քրդստանի հետ խնդիրները լուծել միմիայն բանակցային ճանապարհով
International news«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի միջազգային կոալիցիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրեթ ՄքԳարքը հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ՝ քննարկելով Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեից հետո տեղի ունեցած իրադարձությունները:
Ինչպես տեղեկանում ենք ՄքԳարքի Twitter-ի պաշտոնական էջից, վերջինս կոչ է արել Իրաքի կառավարության ղեկավարին քրդական կողմի հետ բոլոր խնդիրները լուծել միմիայն բանակցային ճանապարհով:
Աբադին և ՄքԳարքը մանրամասն քննարկել են նաև Իրաքի տարածքում ԻՊ-ի դեմ պայքարի ավարտական փուլի հետ կապված մի շարք մանրամասներ:
Հիշեցնենք, որ նախօրեին Աբադին հայտարարել է, որ Իրաքյան Քրդստանը դեռևս ամբողջոությամբ չի կատարել սահմանային անցակետերը կենտրոնական իշխանությանը հանձնելու հետ կապված իրենց պահանջը:
«Կձեռնարկենք այնպիսի քայլեր, որոնք նրանք չեն էլ պատկերացնում», - ասել է Աբադին:
Հոկտեմբերի 16-ին Իրաքի ուժերը սկսել էին երկրի հյուսիսում գտնվող թուրքմեններով, արաբներով և քրդերով բնակեցված Քիրքուք շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում: Կարճ ժամանակ անց իրաքյան բանակին հաջողվել է վերահսկողություն սահմանել Քիրքուքի օդանավակայանի և կարևոր նավթահանքերի օբյեկտների նկատմամբ, իսկ քրդական «փեշմերգան» զանգվածայնորեն նահանջել է զբաղեցրած դիրքերից:
Իրաքի բանակը դուրս է մղել քրդական ուժերին Քիրքուքից, ինչպես նաև Հանեքինի, Մոսուլի Մահմուր, Բաշիքա շրջաններից, Շենգալից (Սինջար) և այլն: