Պետրոս Շիրինօղլուն բացատրել է, թե ինչու է հանդիպել Էրդողանի խորհրդականին
International newsՍտամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն Ստամբուլի «Ակօս» հայկական պարբերականի խնդրանքով բացատրել է, թե ինչու է Անկարայում հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդականի հետ:
Հիշեցնենք, որ նախօրեին «Ակօս»-ի էջերում տպագրվել էր «Անկարայում գաղտնի և փակ շփումներ» վերնագրով հոդված, որում նշվում էր, որ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանն ու Ստամբուլի հայկական հիմնադրամների մի շարք ղեկավարներ տեղյակ չեն եղել Շիրինօղլուի անցկացրած հանդիպումից:
Շիրինօղլուն հայտնել է, որ Անկարայում հանդիպել է փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի հետ, և որ իրենք խոսել են պատրիարքի ընտրությունների մասին:
«Հարգելի պարոն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ էլ պետք է հանդիպեինք, սակայն հանդիպումը չիրականացավ նրա՝ Քաթարում գտնվելու պատճառով: Ես խնդրեցի պարոն Չավուշօղլուին, որպեսզի պատրիարքի ընտրությունների հետ կապված իշխանությունների որոշումը կայացվի որքան հնարավոր է շուտ: Նա նշեց, որ դա ներքին գործերի նախարարության պարտականությունն է, և որ նախարարությունը մոտ ժամանակներս կտա հարցի պատասխանը», - ասել է Շիրինօղլուն՝ նշելով, որ Էրդողանի խորհրդականներից մեկի հետ հանդիպումը կայացել է այս զրույցից հետո և չի վերաբերել համայնքային հարցերին:
Անցյալ տարի Շիրինօղլուն հանդիպել էր նախագահ Էրդողանի հետ՝ նրա մոտ բարձրացնելով պատրիարքի ընտրության հարցը, մինչդեռ հայ համայնքն ընդվզել էր այս քայլի դեմ: Շատերը շեշտեցին, որ Շիրինօղլուն Ստամբուլի հայ համայնքի անունից նման հանդիպումներ անցկացնելու ու պայմանավորվածություններ ձեռք բերելու որևէ իրավասություն չունի:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսին նախաձեռնող խումբը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը՝ առաջարկելով դրանք անցկացնել դեկտեմբերի 13-ին: Նահանգապետարանը պետք է պատասխան հղեր համայնքին մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սպասված պատասխանը մինչ օրս չկա:
Նշենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից:
2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։