Սաուդյան Արաբիայի իշխանությունները կոռուպցիայի գործով կալանավորվածներից կանխիկ գումար են առգրավում
International newsՍաուդյան Արաբիայի իշխանությունները գործարքներ են կնքում կոռուպցիայի գործով կալանավորվածներից մի քանիսի հետ, նրանց ազատ արձակելու դիմաց ստանալով նրանց գումարները ու ակտիվները։ Այս մասին հայտնում է Reuters-ը ՝ վկայակոչելով իրավիճակին քաջածանոթ աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ գործարքները նախատեսում են կանխիկ գումարներն առանձնացնել սեփականության կամ բաժնետոմսերի նման ակտիվներից, նաև ուսումնասիրել բանկային հաշիվները՝ կանխիկ գումարի գնահատման համար։ Ձերբակալված գործարարներից մեկը իր հաշվից տասնյակ միլիոն ռիալ է հանել կալանավորումից հետո։ Մեկ այլ դեպքում, նախկին բարձրաստիճան պաշտոնյան համաձայնել է փոխանցել չորս միլիարդ ռիալ արժողության բաժնետոմսերի սեփականության իրավունքը։
Սաուդյան Արաբիայի կառավարությունը այս շաբաթ ավելի վաղ հաշիվների սառեցումից անցել էր ակտիվների առգրավման մասին ցուցումների տրամադրմանը։
Հիշեցնենք, որ գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանի կարգադրությամբ կալանավորվել են 11 արքայազներ ու ավելի քան 30 ազդեցիկ գործարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ՝ հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում։