Իրաքի ՆԳՆ-ն հայտարարել է երկրում ԻՊ-ի կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին
International newsԻրաքի ներքին գործերի նախարար Ղասեմ Մուհամմադ Ալ-Արաջին հայտարարել է երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված վերջին բնակավայրի ազատագրման մասին, գրում է բրիտանական Reuters գործակալությունը:
Նախարարն այդ առիթով շնորհավորել է Իրաքի ժողովրդին ու անվտանգության ուժերին:
Եփրատ գետի ափին գտնվող Ռավա բնակավայրը վերջինն էր, որտեղ շարունակում էին դիմակայել ԻՊ գրոհայինները: Նախօրեին հայտնի դարձավ, որ ահաբեկիչներն ամբողջովին դուրս են մղվել տարածքից:
«Ռազմական իմաստով ԻՊ-ն ամբողջությամբ ավարտված է Իրաքի տարածքում», - նշել է իրաքցի նախարարը:
Ավելի վաղ Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին հայտարարել էր, որ մինչև այս տարվա վերջ Իրաքի տարածքում ամբողջովին ոչնչացված կլինի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Նշենք, որ ավելի քան 40 հազար խաղաղ բնակիչ է զոհվել ԻՊ ահաբեկչական խմբավորումից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման համար տարվող մարտերի ընթացքում: ԻՊ-ի համար կարևոր ռազմավարական դիրք ունեցող Մոսուլն իրաքյան բանակին հաջողվել է ազատագրել այս ամառ: