Քաղաքական փակուղի Գերմանիայում. Կոալիցիա ստեղծելու բանակցությունները տապալվել են
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի կարողացել կոալիցիա կազմել, որը նրան խորհրդարանում մեծամասնություն կտար եւ կայուն կառավարություն ստեղծելու հնարավորություն: Նա պատրաստ չէ ղեկավարել փոքրամասնության կառավարությունը եւ միակ այլընտրանքը խորհրդարանական նոր ընտրություններն են, որը, հավանաբար, կուսակցությունների միջեւ ուժերի դասավորությունը չի փոխի:
Մերկելը պատրաստվում է հանդիպել երկրի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ. լինի փոքրամասնության կառավարություն, թե նոր ընտրություններ՝ նախ անհրաժեշտ է անցնել խորհրդարանում կանցլերի ընտրության ընթացակարգը, իսկ նրան կնշանակի պետության ղեկավարը:
Գերմանացի լիբերալները հայտարարել են «Ճամայկա» կոալիցիայի շուրջ բանակցությունների տապալման եւ դրանից իրենց դուրս գալու մասին:
Երկուշաբթի լույս գիշեր մի քանի շաբաթներ տեւած Մերկելի ՔԴՄ/ՔՍՄ բլոկի եւ «Կանաչների» հետ խորհրդարանական կոալիցիա (Ճամայկա) կազմավորելու բանակցություններից դուրս է եկել Ազատ դեմոկրատական կուսակցությունը:
Համաձայնեցումներն ու բանակցությունները սկսվել էին սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո:
«Ճամայկան» հաջողության դեպքում կունենար Բունդեսթագի 709 մանդատից 393-ը (55 տոկոս), սակայն լիբերալների դուրս գալուց հետո բանակցությունների մասնակիցներն ունենում են ընդամենը մանդատների 44 տոկոսը՝ մեծամասնություն չստանալով:
Գերմանացի սոցիալ-դեմոկրատները նախկինում բացառել էին ՔԴՄ/ՔՍՄ հետ «մեծ կոալիցիային» իրենց մասնակցության հնարավորությունը, որը հնարավորություն կտար կազմավորել մեծամասնության կառավարություն (399 մանդատ կամ 56 տոկոս): «Ճամայկայի» շուրջ բանակցությունների տապալումից հետո մի քանի ժամ անց սոցիալ-դեմոկրատները հաստատել են իրենց դիրքորոշումը:
Արդյունքում 2 տարբերակ է մնում՝ փոքրամասնության կառավարություն, որը Գերմանիայի պատմության մեջ դեռեւս երբեք չի եղել, եւ նոր ընտրություններ, որի մասին դեռեւս երբեք այսքան արագ չի հայտարարվել: Կոալիցիոն բանակցություններն անցկացվում են ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերի 24-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: