Թուրքիան մեկնաբանել է ԵՄ-ի կողմից ֆինանսական օգնության կրճատման մասին որոշումը
International newsՏնտեսության հարցերով Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը հայտարարել է, որ ԵՄ անդամակցության թեկնածուների աջակցման ծրագրի շրջանակներում Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության չափի կրճատումն իրենց համար որևէ կարևորություն չի ներկայացնում և առանձնապես մեծ ազդեցություն չի ունենա Թուրքիայի տնտեսական վիճակի վրա: Այդ մասին գրում է Հյուրրիյեթ պարբերականը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի բյուջետային ծրագրի քննարկման ժամանակ եվրոպացի պաշտոնյաները որոշում են կայացրել 105 մլն եվրոյով նվազեցնել Անկարային հատկացվող դրամական միջոցների ծավալը Եվրահանձնաժողովի կազմած բյուջեի առաջին նախագծի համեմատ:
«Մեծ բան չէ, 108 մլրդ-ի մեջ 105 մլն-ից եք խոսում, լուրն ինքնին վատ ազդեցություն է թողնում, իհարկե, սակայն ինքն իրենով լուրջ ազդեցություն չունի», - ասել է փոխվարչապետը:
Թուրքական լրատվամիջոցները, սակայն, ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ սա ԵՄ կողմից Թուրքիայի դեմ քաղաքական նկատառումներով իրականացված առաջին տնտեսական պատժամիջոցն է:
Ամիսներ առաջ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը: