ՆԱՏՕ-ի զորավարժանքին Աթաթուրքի ու Էրդողանի նկարի հետ կապված սկանդալը կարող է գյուլենականների սադրանքը լինել. Թուրքիա
International newsԹուրքիայի ԵՄ հարցերով նախարար Օմար Չելիքը հայտարարել է, որ Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ սկանդալային պաստառի հետ կապված միջադեպի հետևում կարող են կանգնած լինել Թուրքիայում անցյալ տարի տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի թիմակիցները:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժանքի ժամանակ ցուցադրվել էր «Թշնամիների պաստառ», որի վրա տեղ էին գտել նաև վրա Թուրքիայի հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի, ինչպես նաև այժմյան նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարները:
Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Չելիքը շեշտել է, որ Անկարան որևէ կերպ չի կարող ընդունել ու արդարացնել Թուրքիայի հանրապետության հիմնադրի ու այժմյան ղեկավարի հանդեպ ցույց տրված անարգանքը:
«Սա շատ նման է գյուլենականների սադրանքին, այդ իսկ պատճառով մենք սպասում ենք, որպեսզի անցկացվի մանրակրկիտ հետաքննություն և ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ քայլերը»,-ասել է Չելիքը:
Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արդեն ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար: