Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով 107 ուսուցչի ձերբակալության օրդեր է ստորագրվել
International newsԱնկարայի դատախազությունը ձերբակալության օրդերներ է ստորագրել ավելի վաղ հեղաշրջման փորձից հետո կադրային զտումների ենթարկված 107 ուսուցչի առնչությամբ, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Աշխատանքից ազատված ուսուցիչները, որոնք կասկածվում էին 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու համար, այժմ ստիպված կլինեն նաև անցնել դատական հետաքննության միջով:
Հայտնի է, որ նրանցից 51-ն արդեն ձերբակալվել է, մյուսները գտնվում են հետախուզման մեջ:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: