Ինքնագնահատականի աճը կտրուկ է
AnalysisՎանաձորյան շոուն շարունակվում է նաև Ազգային ժողովում: Իր հերթական շախմատային քայլով, Սարգսյանը ծիծաղելի իրավիճակի մեջ դրեց «ԵԼՔ» դաշինքի պրագմատիկ ստրատեգներին: Իհարկե, պրագմատիկ բառը ևս չակերտների մեջ կարելի է գրել, սակայն ավելի լավ է մի միտք ավել արտահայտել այս անմիտ խմբի գործունեության շուրջ, քան ստեղնաշարի մի քանի գործողություն կատարել, այդ չակերտները ստանալու համար:
Անդրադառնալով ՀՎԿ-ՀՀԿ հուշագրին, իշխող կուսակցության ներկայցուցիչ Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ իրենք որեւէ ծառայության կարիք չունեն ՀՎԿ-ի կողմից: Սա ի սկզբանե գիտեինք: Պառաված հարճը, ի՞նչ ծառայություն կարող է մատուցել: Նրան պարզապես գթում են՝ մի աման տաք ճաշ տալով:
Ավագանին լուծարելու կարիք Բաղդասարյանը չի տեսնում: Ասում է՝ մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը ժամանակ կա՝ ՍԴ-ի որոշման համաձայն ՏԻՄ օրենքի դրույթները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
Իսկ ահա, Փաշինյանը, նորից ագրեսիվ էր ու նախանձելի համոզված: Գիտե՞ք, երբեմն նախանձում եմ Փաշինյանին, թե ինչպես կարող է նույն համոզված ոճով խոսել այֆոնների լարի ու կենսաթոշակների խնդրի մասին: Նա ՍԴ-ի որոշումն այսպես է մեկնաբանում. 15 հոգով գումարված Վանաձորի ավագանու նիստերում կայացված որոշումները հակասահմանադրական են: Ասում է՝ դա նույնն է, որ հիմա այս դահլիճում հավաքված մարդկանցով Ազգային ժողովի նիստ գումարենք: Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ հիմա կարելի է արձանագրել «Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքական մահը:
Կարող ես ծիծաղել հարգելի ընթերցող: Այս կուսակցության նախորդի՝ ԱԽՔ-ի համախառն ներքին արդյունքի քաղաքական մահը գրանցվել էր 2008 թվականի դեպքերի ժամանակ: Պետք չէ սիրամարգի սինդրոմով տառապել, չեղած բանը քեզ վերագրելու համար:
Զաբել Ռուբինյան