Զիմբաբվեի ԶՈւ-ն համաձայնության է եկել նախագահի հետ ճգնաժամից դուրս գալու հարցում
International newsԶիմբաբվեի Պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ Կոնստանտինո Չիվենգան երեքշաբթի հայտարարել է քաղաքական ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար նախագահ Ռոբերտ Մուգաբեի հետ համաձայնության գալու մասին։ Այս հայտարարությունը ներկայացվել է Չիվենգայի՝ ժողովրդին հղված ուղերձի ժամանակ, փոխանցում է The Herald-ը։
«Զիմբաբվեի Պաշտպանության ուժերը նախագահ Ռոբերետ Մուգաբեի հետ համաձայնության են եկել ներկայիս ճգնաժամից ելք գտնելու մասին։ ԶՊՈւ-ն եւ անվտանգության ծառայությունները զիմբաբվեցիներին կոչ են անում պահպանել համբերությունն ու հանգստությունը, հետեւել օրենքին՝ հանուն անգին խաղաղության պահպանման, որը չի կարելի կորցնել»,- մեջբերում է թերթը Չիվենգայի խոսքը։
Նա Զիմբաբվեի բոլոր քաղաքական ուժերին կոչ է արել զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են սպառնալ խաղաղությանն ու մադկանց կյանքին։
Զիմբաբվեի նախկին առաջին փոխվարչապետ Էմերսոն Մնինգագվան հաստատել է Մուգաբեի հետ բանակցությունների փաստը, սակայն դեռեւս հրաժարվում է մեկնել հայրենիք՝ ելնելով անվտանգության նկատառումներից։
News24 պորտալի տեղեկություններով՝ Զիմբաբվեի բանակը դեմ է դուրս եկել նախագահ Մուգաբեին իմպիչմենտ հայտնելու գործընթացին։