Թբիլիսիում պայթյուններ եւ հրաձգություն՝ ՊԱԾ հատուկ գործողության գոտում
SocietyԹբիլիսիում ինտենսիվ հրաձգությունն ու պայթյունները չեն դադարում հատուկ գործողության գոտում, որը գիշերվանից անցկացնում է Վրաստանի Պետական անվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտը, հայտնում է «Sputnik-Грузия»-ն:
Պայթյունների հետեւանքով 2 բնակարան է այրվել, դրանցից մեկից ծուխ է արձակվում եւ կրակ է երեւում: Նախնական տեղեկություններով կասկածյալները բնակարաններից մեկի պատուհանից ձեռքի նռնակներ են նետել:
Տեղեկություն է եղել տուժողի մասին, սակայն այն պաշտոնապես ոչ մեկը չի հաստատել:
Իրադարձությունները տեղի են ունենում հոգեւորական Գաբրիել Սալոսկու փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում: Տարածված տեղեկությունների համաձայն՝ 2 կասկածյալ կա:
Տեղի բնակիչները հայտնել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով իրենց թույլ չեն տալիս բնակարններից դուրս գալ:
Տարհանում է կատարվել երրորդ մուտքից: Առաջին եւ երկրորդ մուտքերի բնակիչներն իրենց բնակարաններում են մնում, հեռախոսով Rustavi2 հեռուստաալիքին հայտնել է շենքի բնակիչներից մեկը: Նրա խոսքով՝ հատուկ գործողությունն ավելի ակտիվ փուլ է մտել առավոտյան ժամը 5-ից:
Բնակիչները վախենում են, որ շենքերը չեն դիմանա պայթյունների այդպիսի քանակությանը, քանի որ արդեն հին են:
«Новости-Грузия» գործակալության տեղեկություններով՝ Թբիլիսիի Իսանսկի շրջանում Գաբրիել Սալոսկու փողոցում գիշերը ավարտվել է 2 արտասահմանյան քաղաքացիների ձերբակալության հատուկ գործողությունը:
Երկու արտասահմանցիները մեղադրվում են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերի մեջ: Գործողության ժամանակ կասկածյալները կրակ են բացել պետանվտանգության աշխատակիցների վրա: