Վասալը չի կարող լինել դաշնակից
AnalysisԻնչպես արդեն տեղեկացրել էինք, պաշտոնական այցով Հայաստանում էր գտնվում ՌԴ Արտաքին գործերի նախարար Լավրովը: Նրա այցին նախորդեց հայտնի սկանդալը, որը կապված էր Նժդեհի անձի և ՀՀԿ-ի հետ:
Բնական է, որ նման հանդիպումներից, մենք սովոր ենք տեսնել միայն ժպիտներ և ջերմ խոսքեր կարդալ: Ի՞նչ են իրականում խոսում պաշտոնատար դեմքերը, մենք այդ մասին իմանում ենք հետագա գործողություններից, պատուհասող աղետներից կամ ընդհանրապես չենք տեղեկանում: Ասել կուզե՝ իրենց հետ գերեզման են տանում:
Այս հանդիպումը ևս բացառություն չէր: Բոլոր ձևաչափերը՝ ժպիտներից մինչև գեղեցիկ տեքստեր, պահպանվեցին:
«Այսօր այդ հարաբերությունները բնութագրվում են իրապես դաշնակցային: Ես լիովին կիսում եմ այդ կարծիքը, որովհետեւ այդ հարաբերությունները բոլոր մակարդակներում առանձնանում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակով, արտաքին քաղաքականության լայն կոորդինացմամբ, միջազգային հարթակներում արգասաբեր համագործակցությամբ, տնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում շատ լավ փոխգործակցությամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Իհարկե, մենք բոլորս էլ գիտենք, որ հայ-ռուսական հարաբերությունները դաշնակցային չեն: Դրանց ավելի շատ բնորոշ է միջնադարյան վասալ տերմինը, որով պայմանավորվում է մեր հարաբերություններն այդ երկրի հետ: Պատմությունը և մեր օրերը բազմիցս ապացուցել են այդ հանգամանքի իսկությունը և ճշմարտացիությունը, ուստի պետք չէ տուրք տալ ձևականություններին:
Սակայն այս հանդիպման առանցքում, ամենայն հավանականությամբ ընկած էր Արցախյան հիմնահարցը: Մինչ Երևան այցելելը, Լավրովը եղել էր Բաքվում ու ամենայն հավանականությամբ, տեղի իշխանությունների հետ քննարկել էր հենց այդ խնդիրը: Հուսանք, շատ շուտով կիմանանք, թե իրականում ինչի՞ մասին են խոսել Սարգսյանը և Լավրովը:
Ատոմ Ոսկանյան