Սաադ Հարիրին Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարականի հարցում մտափոխվել է
International newsՆոյեմբերի սկզբին հրաժարական տալու մտադրության մասին հայտարարած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին երկրի նախագահի հետ հանդիպումից հետո մտափոխվել է իր պաշտոնից հեռանալու հարցում, հայտնում է Al-Mayadeen հեռուսատաալիքը:
«Ես հրաժարական էի ներկայացրել երկրի նախագահին, նա խնդրեց ինձ սպասել, ես համաձայնեցի եւ հրաժարականը հետաձգեցի»,- ասել է ավելի քան երկու շաբաթ Սաուդյան Արաբիայում մնալուց հետո Լիբանան վերադարձած Հարիրին:
«Աունը խնդրել է սպասել, որ խորհրդակցի հրաժարականի պատճառների խնդրով, եւ ես նրան ընդառաջ գնացի»,- ասել է Լիբանանի վարչապետը:
Հարիրին նաեւ նշել է, որ պատրաստ է նախագահի հետ հանգամանալից երկխոսությանն ու համագործակցությանը՝ մի շարք տարաձայնությունների կարգավորման համար:
Լիբանանում իրավիճակը սրվել էր, երբ նոյեմբերի 4-ին Էր Ռիադում Հարիրին անսպասելի հայտարարել էր հրաժարականի մասին, «Հիզբոլլահ» շիական շարժմանը եւ Իրանին մեղադրել Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու մեջ ու հայտարարել իր դեմ պատրաստվող մահափորձի մասին: Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքներն ահիմն էր որակել: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է որոնել Սաուդյան Արաբիայում, եւ նա հավանաբար Էր Ռիադում բռնությամբ է պահվում:
Երեքշաբթի Հարիրին արդեն հասցրել է լինել Կահիրեում, որտեղ Եգիպտոսի նախագահի հետ քննարկել է Լիբանանում իրավիճակը: Եգիպտոսի մայրաքաղաքից հետո քաղաքական գործիչը կարճ կանգառ է կատարել Կիպրոսում, որտեղ նաեւ հանդիպել է երկրի ղեկավարի հետ: Հարիրին Եգիպտոս էր ժամանել Փարիզից, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: