Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո պետության հետապնդումների ենթարկվող ընտանիքը խեղդվել է Էգեյան ծովում Հունաստան փախչելու ճանապարհին
International newsԹուրքիայում պետության հետապնդումներից խուսափելու համար երկրից արտագաղթած ընտանիքը Հունաստան մեկնելու ճանապարհին խեղդվել է Էգեյան ծովում, այս մասին գրում է թուրքական artigercek.com կայքը:
Հայտնի է, որ Թուրքիայի քաղաքացի Հուսեյն Մադենը և նրա կինը՝ Նուր Մադենն իրենց երեք երեխաների հետ միասին խեղդվել են հունական Լեսվոս կղզու մոտակայքում:
Պարզվում է, որ ընտանիքի ծնողները Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ զրկվել են աշխատանքից երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո: Հեղաշրջման փորձի մասնակիցների հետ կապեր ունենալու համար կասկածվող և գործազուրկ դարձած ամուսինների ձերբակալության համար թուրքական ոստիկանությունը համապատասխան օրդերներ էր տվել, ինչից հետո նրանք շուրջ մեկ տարի ստիպված են եղել թաքնված ապրել:
Հայտնի է, որ Մադենների ընտանիքի տունը պարբերաբար ոստիկանական գրոհի է ենթարկվել:
Ճնշումներից ու կալանավորումից խուսափելու համար ընտանիքը որոշել է փախչել երկրից ու ապաստանել հարևան Հունաստանում: Մոտորանավակներով Էգեյան ծով դուրս եկած ընտանիքի անդամները, սակայն, այդպես էլ չեն հասել Հունաստան: Փրկարարները Լեսվոս կղզու հյուսիսային ափերի մոտ դուրս են բերել երեք երեխաների դիերը, Հուսեյն և Նուր Մադենների մարմինները շարունակում են փնտրել:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին: