Խաղաղ բնակչության նկատմամբ կատարված բարբարոսական գործողությունները համընկնում են ցեղասպանություն եզրույթի հետ. Ռ. Մախմուդյան
SocietyՀՀ-ում անցկացվեց ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից նախաձեռնած միջոցառում, որը նվիրված էր քրիստոնյաների ու այլ կրոնական խմբերի դեմ հանցագործությունների կանխարգելմանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ԵԱՀԿ անդամ պետություններից ներկայացուցիչներ եւ այլոք: Միջոցառմանը ելույթով հանդես եկավ նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանը:
Շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին ու մասնակիցներին` պատգամավորը սկսեց իր ելույթը` նվիրված կրոնական ատելության հողի վրա եզդիների նկատմամբ կատարված վայրագություններին ու նրանց նկատմամաբ կատարված հանցագործություններին:«Ենթադրվում էր, որ 21-րդ դարում աշխարհն ավելի ժողովրդավար ու մարդասեր պետք է լիներ, սակայն այդ ենթադրությունը ոչ միայն իրականություն չդարձավ, այլև համաշխարհային հանրությունը կանգնեց ավելի ուժեղ արհավիրքի առջեւ՝ ի դեմս ինքնակոչ Իսլամական պետության: Մտահոգիչ է, որ վերջին տասնամյակում Իրաքում տեղի ունեցած բազմաթիվ ահաբեկչական գործողությունների մեծ մասը կատարվել է ատելության հողի վրա ու թիրախավորվել են մասնավորապես քրիստոնյաներն ու եզդիները: Դեռեւս 2007թ-ի օգոստոսի 14-ին Սինջարում ահաբեկչական հարձակման զոհ է դարձել ավելի քան 800 եզդի, իսկ վիրավորվել ավելի քան 300-ը: Այնուհետեւ 2014թ. օգոստոսի 3-ին ԻԼԻՊ-ի զինված խմբերի կողմից եզդիաբնակ Սինջար քաղաքի վրա հարձակման հետեւանքով զոհվել են ավելի քան 3000 մարդ: Լեռներում ապաստանած բնակչությունը սովի, ծարավի եւ շոգի հետեւանքով հայտնվել էր շատ ծանր պայմաններում: Այդտեղ մահացել է մոտ 1000 մարդ, ավելի քան 200 հազար եզդիներ դարձել են փախստականներ: Առեւանգվել են 15-56 տարեկան շուրջ 5000 կանայք ու աղջիկներ: Նրանց ոչ միայն ճակատագրերը հայտնի չեն, այլեւ իսլամիստները փորձել են նրանց վաճառքի հանել: Կանանց կյանքի պահպանման պայմանն է եղել իսլամի ընդունումն ու ջիհադիստների հետ ամուսնությունը»-ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ ԻԼԻՊ անդամները հարեւան Թուրքիայի տարածքը օգտագործել են եզդիների վրա հարձակումներ իրականացնելու համար. «Նկարագրված իրավիճակը կարծես թե 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործության վերարտադրությունն է եղել 100 տարի անց: Պետք է նշեմ, որ փախստական դարձած եզդիներին օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է ունեցել նաեւ ՀՀ կառավարությունը, որը կազմակերպել է մարդասիրական օգնության տեղափոխումը համապատասխան բնակավայրեր: Ինչ վերաբերում է ԻԼԻՊ-ի՝ խաղաղ բնակչության նկատմամբ բարբարոսական գործողություններին, ապա դրանք ակնհայտորեն համընկնում են ցեղասպանություն եզրույթի հետ, ինչը ճանաչվել է միջազգային հանրության՝ մասնավորապես ՄԱԿ-ի, Եվրախորհրդարանի, ԱՄՆ Կոնգրեսի եւ այլ կառույցների կողմից»: Բանախոսը ելույթի ընթացքում մեջբերեց կարևոր կառույցների կողմից ընդունված ու եզդիների նկատմամաբ իրականացրած ոճրագործությունը քննադատող կամ դատապարտող մի շարք բանաձեւեր: «Եզդիների ցեղասպանության ու վայրագ գործողությունների կատարման ու անպատիժ մնալու մասին 2014թ. սեպտեմբեր ամսին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69–րդ նստաշրջանում իր մտահոգություններն է ներկայացրել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»:
Կարևորելով նման ձևաչափերով քննարկումները՝ պատգամավորը տեղեկացրեց նաև, որ առաջիկայում իր գործընկերների դատին կներկայացնի փաստաթղթի նախագիծ, որով նույնպես դատապարտվելու է Իրաքի Հանրապետության տարածքում եզդի ժողովրդի նկատմամբ կատարված ցեղասպան գործողությունները: