Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լիբանանյան-կանադական համալսարանի ներկայացուցիչներին
SocietyՀյուրերն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել են համալսարանի կրթական ծրագրերը և գործունեությունը, ինչպես նաև Հայաստան այցի նպատակը` համագործակցություն հաստատել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ: Համալսարանի նախագահը Նորին Սրբությանը տեղեկացրել է Լիբանանի հայ համայնքի հետ համալսարանի ունեցած սերտ կապերի մասին, որի արդյունքում հայ ուսանողների թիվը կազմում է համալսարանի ուսանողության տասը տոկոսը:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է բերել կրթության մշակներին, հետաքրքրվել համալսարանի ուսումնական ծրագրերով և միջազգային համագործակցության նախագծերով:
Կարևորելով միջազգային չափանիշներով կրթություն ջամբելու նրանց առաքելությունը` Նորին Սրբությունը համալսարանին արդյունավետ գործակցություն է մաղթել Հայաստանի ԲՈՒՀ-երի հետ` ընդգծելով, որ համատեղ ծրագրերը կրթական նոր հնարավորություններ կբացեն հայ ուսանողների համար, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների հարաբերությունների առավել սերտացմանը: