Խոսրով Հարությունյանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը Հայաստանի տնտեսությունն արդիականացնելու լավ հնարավորություն է համարում
EconomicsԵվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը Հայաստանի համար տնտեսությունն արդիականացնելու հնարավորություն է համարում: ՀՀ-ն ԵԱՏՄ կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության նախաձեռնության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը:
«Կօգտագործե՞նք այդ հնարավորությունը, կունենանք իսկապես լուրջ հնարավորություններ, համատեղելով դիվերսիֆիկացված շուկաներն ու արտադրությունը, ապահովել մեր տնտեսության դինամիկ աճ: Չե՞նք ունենա այդ ամենը, դրա համար միայն մեզ պետք է մեղադրենք»,- ընդգծեց պատգամավորը:
Միևնույն ժամանակ, Խոսրով Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանն ի զորու է օգտագործել տնտեսությունն արդիականացնելու և զարգացնելու բոլոր այն հնարավորությունները, որ ընձեռում է Եվրոպական միության հետ ստորագրված համաձայնագիրը:
Բրյուսելում նոյեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: