Թուրքիան ԱՄՆ-ից պահանջում է հետ վերցնել Սիրիայի քրդերին տրամադրած զենքերը
International newsԹուրքիայի փոխվարչապետերից Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է անհապաղ հետ վերցնի Սիրիայում գործող քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատներին տրամադրված զենքերը, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Նշենք, որ Թուրքիան պարբերաբար իր մտահոգությունն է հայտնում ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքում գործող քրդական զինված խմբավորումներին զենքի մատակարարման առնչությամբ:
Բոզդաղը հաստատել է, որ նոյեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի ժամանակ Սիրիայի քրդերի հարցը նույնպես քննարկվել է և Թրամփը խոստացել է այլևս չզինել այդ խմբավորումներին:
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն նույնպես հայտարարել էր, որ Թրամփը Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ խոստացել է իր թուրք գործընկերոջը դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված խմբավորումներին:
Մինչդեռ Սպիտակ տունն այդպես էլ չի հաստատել Թուրքիայի ԱԳՆ-ից հնչած հայտարարություններն այն մասին, թե Թրամփը հստակ խոստումներ է տվել Էրդողանին՝ քրդերին զենքի մատակարարումից զրկելու հետ կապված:
Նշենք, որ դեռևս անցյալ տարի Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում գտնվող քրդական ազգային զինված խմբավորումների հարցում Թուրքիան և ԱՄՆ-ն այդպես էլ չկարողացան համաձայնության գալ: