Չստացված դերասան, տապալված ծրագիր
AnalysisԵթե մեծն դերասան Ստանիսլավսկին ապրեր մերօրյա ժամանակներում եւ ականատես լիներ այսօրվա թատրոնին, որն առանց ամոթի խաղում են փողով ծախվածները, ինչպիսին է օրինակ՝ «Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ապա միանշանակ կբղավեր. «Не верю!». Չէր հավատա ոչ միայն կեղծիքին, որը Տիգրանն է մատուցում հասարակությանը, այլեւ՝ նրա դերասանական անորակ ու վատ խաղին: Բեմի վարպետը տեղի ունեցածը անշուշտ կդիտարկեր որպես պիմիտիվիզմ, իսկ եթե ավելի իրական, ապա՝ բթություն:
Առավել պատկերավոր խոսելու համար ներկայացնենք Տիգրանի ասուլիսից մի հատված. «Բացառված է, որ պարոն Ծառուկյանը տեղյակ չլինի, թե իր «Առինջ մոլի» ղեկավարներն ինչ շահեր ունեն, ինչ գումարներ են աշխատել ժամանակին և ինչից են զրկվել…. Կան հարյուրավոր տաղավարներ, որոնցից գումարներ է գանձում Ծառուկյանը, իսկ հարկային մարմինները տեղյակ չեն: Նա չի ուզում հարկային մարմինները ներխուժեն «Առինջ մոլ», որպեսզի այդ ամենը չբացահայտվի»,-ասել է ժամանակին Ծառուկյանից հանդիպումներ աղերսող ու նպատակին հասնելուց հետո նրա գովքն անող Տիգրանը:
Բայց արի ու տես, որ մարդականց հիշողությունը կարճ է, կամ այն կարճանում է, երբ նրա աչքերի առաջ «կանաչներ» են երեւում՝ գեղեցիկ, շխկխղկան ու այնքան սիրելի «կանաչներ»: Հենց այդ «կանաչներն» են, որ պատկառելի տարիք ունեցող Տիգրանին, ով պետք է ծերունական հանգիստը վայելեր, ստիպել են բեմ բարձրանալ ու խաղալ: Այստեղ են ասել «Օ ՜ ժամանակներ, օ ՜ բարքեր»:
Իրականում պատվիրատուի պահանջը մեկն է եղել՝ խաղալ հնարավորինս լավ ու բնական, այնպես, որ հասարակությունը խաբվի ու հավատա… Չենք կարող չփաստել, որ սցենարն ինքն իրենով վատն էր, իսկ դերասանի ընտրությունը՝ սխալ: Նրա խաղն իրականում աղքատիկ էր, մի տեսակ վստահություն չներշնչող՝ հավանաբար տարիքից էր… Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք, ստացվեց այն, ինչին արժանի էին Տիգրանին պատվիրողները: Ափսոսանքի խոսքերն այս պարագայում ոչինչ են, միայն մեկ բան էր ափսոս՝ ժամանակը, որը նրան էր հատկացրել բարերար Ծառուկյանը: Նրա նպատակը ազնիվ էր՝ սատար կանգնել իր դուռը թակած մարդկանց, աջակցել միջին ու փոքր բիզնեսի զարգացմանը: Ով կմտածեր, որ ընդամենը երեք տարի անց ոմանք, պատռելով իրենց դիմակները, հանդես կգան յուր բարոյական նորմերին համահունչ՝ հուդայական գործելաոճով: