Արդարացված շնորհակալություն
AnalysisՀայաստանի բարձրագույն ղեկավարությունը աչքի է ընկնում շնորհակալություն բառի տեղի և անտեղի օգտագործմամբ: Իհարկե, շնորհակալություն և ներողություն բառերը մոգական են, սակայն այն դեպքում, երբ դրանք օգտագործվում են տեղին և ժամանակին:
Կողքից նայողի համար, որոնք չեն տիրապետում ներհայաստանյան իրականությանը, շնորհակալություն հայտնող պարոնները կարող են թվալ խիստ քաղաքակիրթ և բարեկիրթ անձիք: Սակայն դա միայն կողքից նայողի համար: Իրականում, նրանք կշարունակեն մնալ թալանչիներ:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այցով Երեւանում է: Այցի շրջանակում նախատեսված են մասնակցություն հայ-իրանական բիզնես համաժողովի բացմանը, հանդիպումներ Հայաստանի ղեկավարության հետ:
Հայաստան-Իրան հարաբերություններին և դրանց կարևորությանը, մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք: Դրանք մեզ համար կենսական նշանակություն ունեն: Այդ հարաբերությունները խորացնելու համար, անհրաժեշտ է ունենալ քաղաքական կամք, համարձակություն և խոհեմություն, ինչը պակասում է մեր քաղաքական ղեկավարությանը:
Ամեն դեպքում, ինչպես տեսնում ենք, Իրանը պակաս շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում: Ընդհանրապես, Իրանի նման երկիրը, որն ունի սթափ և հավասարակշռված քաղաքականություն, պետականության մշակույթ և հզորություն, շատ կարևոր դեր է խաղում տարածաշրջանային բալանսավորման հարցում:
Այս առումով, թերևս օգտագործվեց վերջին շրջանի միակ արդարացված շնորհակալությունը: ՀՀ ԱԳ նախարար Էդիկ Նալբանդյանը, համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, շնորհակալություն հայտնեց իր իրանցի գործընկերոջը, Արցախյան խնդրի կարգավորմանը հավասարակշռված մոտեցում ցուցաբերելու համար:
Ատոմ Ոսկանյան