Հանգիստ թողնել Ջիգարխանյանին
AnalysisԼրատվամիջոցները շարունակում են ուշադրության կենտրոնում պահել Արմեն Ջիգարխանյանի և նրա արդեն նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի շուրջ ծագած սկանդալը: Հիշեցնենք, որ Ջիգարխանյանից տասնյակ տարիներ փոքր կինը, ըստ հայտնի դերասանի, փորձել է տիրանալ իր ունեցվածքին:
Ինչպես արդեն տեղյակ եք, ընթանում է ապահարզանի գործընթաց, որն հետաքրքիր մանրամասներ է խոստանում: Ի մասնավորի, լուրեր տարածվեցին այն մասին, թե Ջիգարխանյանի ընկերները նրան բնակարան են նվիրել: Սակայն նրա նախկին տիկնոջ փաստաբանի խոսքերից զգացվում է, որ դա այդքան էլ մոտ չէ իրականությանը:
«Վերջերս նրա ընկերները հայտարարել էին, որ նրան բնակարան են նվիրել։ Ստացվում է, որ նա ապրելու տեղ ունի։ Հիմա, երբ նրանք ամուսնալուծվել են, ի՞նչ հասցեով պետք է դուրս գրվի Արմեն Բորիսովիչն այն բնակարանից, որը գրանցված է Վիտալինայի անունով։ Այս հարցը ես տվեցի Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆենովին եւ նրա բառերից հասկացա, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստը հաշվառման հասցե չունի։ Հիմա նա պանսիոնատում բուժվում է։ Իսկ որտե՞ղ է նա ապրելու հետո»,– ասել է Մազուրը։
Խնդիրներ կան կապված նաև բնակարանների առք ու վաճառքի, ինչպես նաև այլ ֆինանսական գործընթացների հետ: Ինչպես ասում են՝ այս խմորը դեռ շատ ջուր է քաշելու:
Վերջերս, օգտատերերից ոմանք կոչ արեցին, որպեսզի Ջիգարխանյանը գա Հայաստան և իր կյանքի վերջին տարիներն անցկացնի այստեղ: Ինչու՞: Հայաստանը գերեզման է բաց երկնքի տակ: Դա գիտենք: Հարց: Ի՞նչ է արել Ջիգարխանյանը Հայաստանի և հայերի համար, որպեսզի մենք մտահոգվենք նրա կյանքով և առողջությամբ: Նա ազգությամբ հայ է: Հասկացանք: Նրա նման 7 միլիոն մարդ կա, ազգությամբ հայ, որոնց մեծ մասը ոչինչ չի արել Հայաստանի համար և պարտավոր էլ չէ անելու: Ուրեմն ի՞նչ է մնում: Մնում է հանգիստ թողնել Ջիգարխանյանին ու նրա կնոջը: Դրան վերաբերվել որպես ռուսական միջավայրում ծագած մի սկանդալի:
Մարիա Պախուցկայա