Գեներալ Մանվել Գրիգորյանը պարզաբանում է ադրբեջանցի գերու հետ կապված իր հայտարարությունը. panorama.am
Ինչպես արդեն նշվել է, նոյեմբերի 1-ին, Երկրապահ կամավորականների միությունում լրագրողների հետ զրույցում գեներալ Մանվել Գրիգորյանը հայտարարել էր, որ ղարաբաղյան պատերազմի ժամանակ հարյուրավոր գերիներ է ունեցել և, որ նրանցից մեկին էլ, ում անունը ինքը կնքել էր Սիմոն, պահել է իր տանը: Գեներալի այս հայտարարությունը վերջին օրերին բուռն քննարկման առիթ է դարձել ինչպես լրատվական դաշտում, այնպես էլ իրավապաշտպանների շրջանում: Ավելին՝ որոշ իրավապաշտպանների կարծիքով' ադրբեջանցի գերուն իր տանը պահելով գեներալը խախտել է Ժնևի կոնվենցիաները: Ադրբեջանցի գերուն իր տանը պահելու հետ կապված պարզաբանումների խնդրանքով Panorama.am-ը դիմել է գեներալ Մանվել Գրիգորյանին:
-Պարոն գեներալ, որոշ իրավապաշտպանների կարծիքով՝ ադրբեջանցի գերուն Ձեր տանը պահելով խախտել եք Ժնևի կոնվենցիաները:
-Էդ որոշ իրավապաշտպանները ովքե՞ր են, իրանք պատերազմ տեսե՞լ են, գիտե՞ն՝ գերին ի՞նչ ա, թե՞ մենակ կինոներում են տեսել: Էդ մարդիկ գիտե՞ն, թե մեր գերիների հետ ինչեր են արել ադրբեջանցիները… Եթե չգիտեն, թող գան հետաքրքրվեն, մի քանի բան պատմեմ, դրանից հետո ինձ կարող ա շնորհակալություն ասեն, որ Սիմոնին մեր տունն եմ պահել ու ողջ-առողջ ուղարկել եմ Ադրբեջան: Հա, մեկ էլ էդ իրավապաշտպաններից որը՞ մի բառ ասեց էս վերջերս, որ Շամշադինից մեր գերուն, Կարենին տանջեցին ու սպանեցին մի օրվա մեջ: Ոնց որ ըտենց բան չեմ հիշում, որ էդ իրավապաշտպանները էդ թեմայով խելքին մոտիկ բան ասած լինեն: Հիմա ասում են' կոնվենցիա եմ խախտել. ճիշտն ասած որ Ադրբեջանը պատերազմ սկսեց Ղարաբաղի ու Հայաստանի դեմ, ու ես ու իմ նման հազարավոր տղերք կամավոր գնացինք մեր հողը պաշտպանելու, էդ արանքում չհասցրեցինք Ժնևի կոնվենցիաները կարդանք, նոր գնանք: Երևի իրանք ժամանակ ունեցել են կարդան: Ես հայ քրիստոնյա եմ ու պատերազմի դաշտում թե խաղաղության մեջ, իմ Ժնևի կոնվենցիան իմ հավատքն ա եղել ու իմ խիղճը: Ես միշտ դրանցով եմ առաջնորդվում:
-Պարոն Գրիգորյան, բայց գերին գերի է, պետք է պահպանվի հատուկ տարածքում:
-Հատուկ տարածքը ո՞րն ա… թե չգիտեք, իմացեք' էն ժամանակ Ղարաբաղում չկային հատուկ տարածքներ, այլ կար ինքնապաշտպանական տարածքներ: Գերիներին մարդիկ իրանց տներում էին պահում: Էն ժամանակ զինվորներն էլ հատուկ մնալու տեղ չունեին: Մենք էլ, գերիներն էլ, սաղովս էլ տներում էինք ապրում… Ես մինչև 95 թվականը ապրել եմ այդ ինքնապաշտպանական տարածքներում, իսկ 95-ից հետո մինչև 2000 թվականը ընտանիքիս հետ ապրել եմ զորամասի տարածքում և Հայաստան եմ եկել 10-15 օրով, այն էլ տարվա մեջ 1 անգամ, իսկ էդ ժամանակ իմ գործն էլ էն էր, որ դրանց հանկարծ ոչ մեկ չվնասի, չնեղացնի: Որովհետև մենք հարյուրավոր գերիներ և դիակներ ունեինք իրենց մոտ ու մինչև այսօր էլ ունենք, մեր զոհված ընկերների դիակները պետք է փոխանակեինք և հանձնեինք հարազատներին:
-Պարոն գեներալ, այնուամենայնիվ համաձայնեք, որ ադրբեջանցի գերուն տանը պահելը կարող է հարցեր առաջացնել:
-Ի՞նչ հարցեր կարա առաջացնի: Եթե ես Սիմոնին վատ վերաբերվեի, տուն ինչի էի բերում, ով ա տեսել մարդ թշնամուն իրա կամքով բերի իրա տուն: Սիմոնը շատ լավ էլ ապրել ա մեր տանը, որևէ խնդիր չի ունեցել, սոված չի եղել, նորմալ հագնված ա եղել, քանի անգամ հիվանդացել ա բժիշկ ա եկել, դեղեր ա նշանակել և այլն: Ու հետո էլ, կարա՞ս պատկերացնես էդ մարդը էս ընթացքում տարվա մեջ քանի անգամ կարար փախներ, եթե ուզենար: Փախնելը ո՞րն ա, թողեր էթար, իրա գլխին հո պահակ չկա՞ր, ինքը ազատ ֆռֆռում էր: Օրինակ, որ Մարտակերտում փախներ ու սահմանը անցներ Ադրբեջան, ո՞վ էր իրան բան ասելու, էն վախտ էլ հո սենց պոստեր-բաներ դրած չէր սաղ տեղերը: Էդ մարդը չէր էլ ուզում գնար, ես իրան ավելի լավ էի պահում, քան իրա հրամանատարները: Որ ճիշտը ուզում ես իմանաս՝ վախենում էր իրենց իշխանություններից, վերադաս հրամանատարներից և քանի որ ինձ ասել էր, որ ուներ նշանած, մայր, քույր, դրա համար էլ մենք ամեն ինչ անում էինք, որ հետ ուղարկենք հարազատների մոտ, չէր էլ ուզում գնար, կարելի ա ասել՝ զոռով եմ ուղարկել, մտածեցի հարազատներ ունի, նշանած ունի թող գնա հասնի իրա հարազատներին, ինչքան կարա մնա ստեղ: Պատերազմը պատերազմ, իսկ պատերազմից հետո հայ քրիստոնյա ենք և մեր առավելությունը, հզորությունը էտա եղել:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում: