Նախարար Մարտիրոսյանը Թբիլիսիում տարբեր երկրների ներկայացուցիչների հետ քննարկել է են Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերը
EconomicsՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 28-29-ը Թբիլիսիում մասնակցել է «Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, երկօրյա համաժողովի ընթացքում տեղի է ունեցել բարձրաստիճան քննարկում՝ նվիրված «Գոտի և ճանապարհ» թեմային: Անդրադարձ է եղել նաև տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների, էլեկտրոնային առևտրի, դրանում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավման, թվային ենթակառուցվածքների և թվային տնտեսության զարգացման, ինտերնետի բնագավառում մշակվող քաղաքականությանը:
Տեղի են ունեցել նաև առանձին քննարկումներ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, միջազգային փոխադրումների դյուրացման և դրանց ծավալների աճի, բեռնափոխադրումների ոլորտում լոգիստիկ սխեմաների մշակման հարցերի շուրջ։
Համաժողովում ելույթով հանդես է եկել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը:
Նախարար Վահան Մարտիրոսյանը համաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների և կազմակերպությունների տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանում նախատեսված և իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերը:
«Թբիլիսի. գոտի և ճանապարհ» համաժողովին մասնակցում էին 1000-ից ավելի պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, տարբեր ոլորտներ (տրանսպորտ, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ, էներգետիկա) ներկայացնող գործարարներ և փորձագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համաժողովը «Թբիլիսի. մետաքսյա ճանապարհ» համաժողովի ավանդական միջոցառումներից մեկն է։ Այն շարունակական հարթակ է տարածաշրջանում առևտուրը զարգացնելուն ու խթանելուն ուղղված մի շարք հարցեր և թեմաներ քննարկելու համար: