UNIDO-ի գլխավոր տնօրենն օրինակելի է համարում Հայաստանում արդյունաբերական զարգացմանը միտված իրականացվելիք ծրագրերը
EconomicsՎիեննայում նոյեմբերի 27-ին մեկնարկել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) 17-րդ Գլխավոր կոնֆերանսը, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանի գլխավորությամբ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Կոնֆերանսի առաջին օրը կազմակերպության Գլխավոր տնօրեն Աի Յոնգը վերանշանակվել է UNIDO-ի Գլխավոր տնօրենի պաշտոնում։
Համաժողովի շրջանակներում Ռոբերտ Հարությունյանը հանդիպումներ ունեցավ մի շարք պատվիրակությունների ղեկավարների և UNIDO-ի պաշտոնատար անձանց հետ։ Նոյեմբերի 28-ին ԱԳ նախարարի տեղակալը հանդիպեց կազմակերպության Առևտրի, ներդրումների և նորարարության հարցերով տնօրինության ղեկավար Բ.Կալզադիլլա–Սարմիենտոյին, ում հետ քննարկվեցին Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում UNIDO-ի կողմից իրականացվող ծրագրերը։
Նույն օրը փոխնախարար Ռոբերտ Հարությունյանը և դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեցին ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության Գլխավոր տնօրեն Աի Յոնգի հետ։ Շնորհակալություն հայտնելով Հայաստանի կառավարությանն՝ իր վերանշանակմանը ցուցաբերած աջակցության համար՝ UNIDO-ի Գլխավոր տնօրենը հակիրճ անդրադարձավ կազմակերպության առաջնայնություններին՝ ներկայացնելով ծրագրային ուղղությունները, որոնք միտված են UNIDO-ի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և կարողությունների հզորացմանը։ Աի 3ոնգը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանում արդյունաբերական զարգացմանը միտված իրականացվելիք ծրագրերն օրինակելի են և իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ իշխանություններին՝ կազմակերպության առաքելությանն աջակցելու համար։
Հանդիպման ընթացքում կողմերն ամփոփեցին վերջին տարիների Հայաստանի և UNIDO-ի միջև արդյունավետ համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի առկա ծրագրերն առավել խորացնել և բարձրացնել դրանց արդյունավետությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության կայուն զարգացման»։