Հողմաղացների դեմ կռվողները
AnalysisՍերվանտեսի հայտնի հերոսը՝ Դոն Քիշոտը, եթե հիշում եք սիրելի ընթերցող, կռվում էր հողմաղացների դեմ։ Սակայն այդ հերոսի մեջ, Սերվանտեսը դնում է որոշակի գաղափարախոսություն, որը տիպական էր ինչ-որ մի փուլի համար։ Ավելին, այն կարողացավ դառնալ համաշխարհային գրականության գլուխգործոց։
Ներկայիս հայկական լրատվական կայքերի հրապարակումներում, մենք որևէ հոդված, ակնարկ կամ ընդհանուր նկարագիր չենք տեսնի, որը տաս տարվա կտրվածքով կարող են նշանակություն ունենալ կամ չկորցնել իրենց արդիականությունը։ Խոսքը՝ արդի փուլի մասին է։ Իհարկե, մենք ունեցել ենք դասական քաղաքագիտական հոդվածներ։ Ցավալի է, որ այդ փուլն անցել է։
Այսօր, այն ինչ հրապարակվում է, հիմնականում կեղտոտ բամբասանք է կամ թաղի սուրճ խմող կանանց մակարդակի զրույց, որոնք ամեն առավոտ, քննարկում են շենքի իրադարձություններն ըստ հարկերի։ Հետաքրքրականն այն է, որ այս միտումը տարածվել է լրատվական դաշտի վրա։
Երբ կայքերն այլևս ոչինչ չեն ունենում անելու, սկսում են անդրադառնալ նախկին պաշտոնյաներին։ Կամ էլ՝ նրանց պատվիրում են, որ անդրադառնան։ Ներկայիս տնտեսության կոլապսային վիճակում, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը ձախողել է, այդ կայքերը, առանցքային ֆիգուր սկսում են դիտարկել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին։
Նրա ստվերը, կարեծես հանգիստ չի տալիս հայաստանյան ներկայիս քաղաքական էլիտայի մի զգալի մասին, ինչի արդյունքում էլ ծնվում են վերոնշյալ շարքի հոդվածները։
Վերջին նման միտքն այն մասին էր, թե Հովիկ Աբրահամյանը 20 միլիոն է տանուլ տվել։ Ակամա հարց է առաջանում, հարգելի հոդվածագիր, իսկ դու այդ պահին կողքին է՞իր։ Հասկանալի է, որ քաղաքական մշակույթի համար, կարևոր գրավական է մամուլի և խոսքի ազատությունը, սակայն դա վերածվում է աբսուրդի, երբ այդ խոսքի ազատություն կոչվածը դառնում է բուլվարային։ Ժամանակին, կիրթ հասարակությունը, իրեն հարիր չէր համարում բուլվարային մամուլ կարդալ։ Թերևս առաջացել է այդ ժամանակները վերականգնելու հասարակական պահանջ։
Զաբել Ռուբինյան