Գործակալ. Մովսիսյանի և Օզբիլիսի` Ղազախստան տեղափոխության շուրջ բանակցություններ են ընթանում
Sport«Sport.kz»-ի թղթակիցը որոշել է պարզել, թե որքանով է հավանական հայ ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանի և Արաս Օզբիլիսի տեղափոխությունը ղազախական ակումբներ:
Այս հարցով, ղազախ լրագրողը դիմել է ֆուտբոլային գործակալ Տիգրան Մկրտչյանին, որն էլ այս պահին զբաղվում է այդ հարցերով.
«Իրականում, այս հարցով առարկայական բանակցություններ ընթանում են: Բայց կան շատ մանրուքներ, կապված օրինակ ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ:
Այսպես, եթե Յուրա Մովսիսյանի պայմանագիրն ամերիկյան «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ ավարտվել է, ապա Արաս Օզբիլիսը դեռ «Բեշիքթաշի» ֆուտբոլիստ է: Հավանականություն կա, որ այս ֆուտբոլիստները կհայտնվեն Ղազախստանում, բայց այսպիսի տարբերակը չի կարելի առաջնային համարել նրանց նման խաղացողների համար:
Պետք է հասկանալ, որ Յուրան և Արասը կարիերան շարունակելու այլ տարբերակներ էլ ունեն: Մովսիսյանին հրավիրում են Եվրոպա, իսկ Օզբիլիսին` Ռուսաստան: Միևնույն ժամանակ, կցանկանայի նշել, որ, ըստ իս, Ղազախստանի առաջնությունն այս պահին բարձրակարգ մրցաշար է, իսկ «Աստանան» և «Կայրաթը» եվրոպական լավ ակումբներ են»,- ասել է գործակալը:
Հիշեցնենք` վերջին շրջանում հայ մի շարք ֆուտբոլիստների անուններ կապվում են Ղազախստանի առաջնությունը ներկայացնող ակումբների հետ: