Հուսիների առաջնորդը Եմենի նախկին նախագահին մեղադրել է անխոհեմության մեջ եւ կոչ արել նահանջել
International news«Անսար Ալլահ» շիական շարժման առաջնորդ Աբդել Մալեք ալ Հուսին Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալ Սալեհին հավատարիմ ուժերի գործողությունները որակել է որպես «անխոհեմ եւ կասկածելի»։ Այս ամսին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան հայտարարությունն ապստամբ առաջնորդը արել է դեկտեմբերի 2-ին Սանայում շարունակվող բախումների ֆոնին:
«Սալեհի ուժերին կոչ եմ անում միանալ Սանայում ճգնաժամի կարգավորման ջանքերին»,-ասել է նա` նշելով, որ «ցանկացած տարաձայնություն կարելի է լուծել երկխոսության եւ փոխըմբռնման միջոցով»: Ալ Հուսին դիմել է նաեւ ցեղային շեյխներին եւ ավագանուն՝ կոչ անելով միջամտել, որպեսզի «ապահովվի մայրաքաղաքի անվտանգությունը եւ դադարեցվի հակամարտությունը»:
Ընդդիմադիրների առաջնորդը հերքել է «Ընդհանուր Ժողովրդական Կոնգրես» կուսակցության ղեկավարության տների վրա հարձակման մեղադրանքները, որը եւ նշվում է որպես զինված դիմակայության պաշտոնական պատճառ։
Դեռեւս չհաստատված տվյալների համաձայն՝ Սալեհին հավատարիմ ուժերը կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել մի շարք ռազմավարական օբյեկտներ` պետական հեռուստատեսության, պետական ինֆորմացիոն գործակալության, Կենտրոնական բանկի, Ֆինանսների նախարարության եւ Պաշտպանության նախարարության շենքերը: