Անակնկալներով լի երկար սպասված համերգ Գյումրիում
CultureԱռաջին անգամ երկար սպասված համերգային ծրագրով Գյումրիում դեկտեմբերի 1-ին ելույթ ունեցավ հայտնի ջազմեն, երգահան, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար Գարի Քյոսայանը: Վերջինս ելույթ ունեցավ իր՝ «Գարի Քյոսայան» ջազ քառյակով՝ կոնտրաբաս՝ Արմեն Հովակիմյան, հարվածային գործիքներ Արթուր Մարտիրոսյան:
Համերգի հատուկ հյուրերն էին վոկալիստներ Ալլա Սահակյանն ու Սոնա Ումրոյանը, ֆլեյտահար՝ Նելլի Մանուկյանը: Ավելի քան 2 ժամ տևած համերգային ծրագրի ընթացքում հնչեցին ինչպես քյոսայանական ջազային մեղեդիները, այնպես էլ համաշխարհային հիթեր՝ Լ. Արմսթրոնգ, Ռ. Չարլզ, Ա. Ջոնս, Մ. Լեգրան և այլն: Սիրված երգիչն իր պապական քաղաքում անդրանիկ համերգին դատարկաձեռն չէր եկել՝ բացի ջազային հանրությանն իր եկար սպասված կատարումները ներկայացնելուց, համերգի ողջ հասույթն էլ նվիրեց հայրաքաղաքին՝ համերգը բարեգործական էր, և ողջ հասույթը սիրված արվեսագետը տրամադրվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Տնային խնամք» եւ «Փոքրիկ Իշխան» ծրագրերին:
Բարեգործական համերգը նպատակ ունի լրացնելու ֆինանսական բացը, որը պարտադրվում է օտարերկրացի բարերարի կողմից՝ ծրագրի տեղական ներդրումն ապահովելու պահանջով: Հասույթը կուղղորդվի Հայաստանի 4 քաղաքներում իրականացվող ծրագրերին:
Այս համերգի հասույթը ավելին է ՝ այն կապահովվի այս ծրագրերի շարունակականությունը: Այս երկու ծրագրերը ավելի քան 15 տարի բարեգործական նպատակների են ծառայում Հայաստանի 4 մարզերում: Որպես նվիրում մշակութային բարձր արժեքներ ունեցող քաղաքին՝ Գարի Քյոսայանը ևս մեկ անակնկալ ուներ գյումրեցիներին՝ առաջին անգամ աճեմյանական բեմից հնչեց Գարի Քյոսայանի «Ալեքսանդրապոլի վալս»-ը: Իրական ջազային մեղեդիներ, արհեստավարժ կատարումներ ու հատուկ կազմած ծրագիր՝ արդյունքում ջազային տոն, ինչը գյումրեցի ունկնդիրը երկար ժամանակ կհիշի:
Համերգին ներկա գյումրեցիները փաստեցին՝ համերգը բառերով անկարելի է նկարագրել, իսկ իրեն՝ ջազային հրավառություն պարգևողներին, գյումրեցիները բեմից թողեցին միայն նոր հանդիպման ու նոր համերգների ակնկալիքով: