Տրանսպորտի նախարարն ընդունել է ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարին
EconomicsՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը դեկտեմբերի 4-ին ընդունեց Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության Մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին։
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում նշվել է, որ Հայաստանը 2018 թվականին ստանձնելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը:
«Սա շատ կարևոր պահ է մեր կազմակերպության համար: Վստահ եմ, որ Հայաստանի նախագահության ընթացքում ևս կազմակերպության աշխատանքները առաջընթաց կգրանցեն»,- ասաց Մայքլ Քրիստիդեսը: Կողմերը քննարկեցին կազմակերպչական մի շարք հարցեր, ներկայացվեցին առաջիկա ծրագրերը, կարևորվեցին տրանսպորտային ոլորտի նախագծերը:
.Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաև հաջորդ տարի Լայպցիգում կայանալիք Տրանսպորտային ֆորումի մասնակցությանն առնչվող հարցերին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև Հայաստանում կազմակերպել ՏՏ համաժողով: Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության մեջ ընդգրկված են Սևծովյան տարածաշրջանի 11 պետություններ:
Կազմակերպության շրջանակներում Հայաստանը ստորագրել է «Սևծովյան տարածաշրջանում ավտոմոբիլային բեռնափոխադրումների դյուրացման մասին» և «Սևծովյան օղակաձև մայրուղու համակարգված զարգացման մասին» փոխըմբռնման հուշագրերը: Նշված հուշագրերն ունեն Սևծովյան տարածաշրջանում փոխադրումները դյուրացնելու, սահմանների հատման գործընթացները պարզեցնելու և ՍԾՏՀ անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտ ներդաշնակեցնելու նպատակ: